Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում: X-ի իր միկրոբլոգում այս լուրով կիսվեց Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր, ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։
«Հայաստանը դարձավ 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink գերարագ ինտերնետը», - գրել է նա։
Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը ստեղծել է Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։ Նպատակն է ապահովել գերարագ, լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհասանելի է։
Երեկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, այսօր էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս լուրով հպարտացան։
«Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի և բնության հետ», - նշել է վարչապետը։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն էլ է համարում սա այլընտրանքային լավ կապ Հայաստանի համար, օգտակար միջոց հատկապես մեդիայի, բիզնեսի համար:
«Starlink-ն անկախ ինտերնետ է, որը Հայաստանի դեպքում, որը տարիներ շարունակ խնդիրներ է ունեցել, և Վրաստանում ինչ-որ տատիներ իրենց բոստանն էին փորում ու կաբելներ էին կտրում, կարող է և լինել հատկապես բիզնեսի համար շատ օգտակար որպես back up կապ», - ասաց նա՝ հավելելով, - «Ես ինքս փորձարկումներ եմ արել Starlink-ի հետ, երբ ինքը դեռևս Հայաստանում հասանելի չէր՝ որպես ռոումինգային տարիֆով, բավականին թանկ արժե՝ 150-350 դոլար կարժենա ամսական: Բայց, բավական վստահելի, լավ կապ է ապահովում Հայաստանում այն պայմաններում, որ նույնիսկ դրված է
եղել տան կողքի մեքենայի կայանի կտուրին»:
Ռազմական ոլորտում էլ փոքր չէ Starlink-ի դերը։ Սակայն, որոշ վերապահումներ կան այստեղ. ամերիկացի միլիարդատեր Մասկը բոլորովին վերջերս էր սպառնացել Ուկրաինային՝ ասելով, թե Starlink արբանյակային համակարգը ուկրաինական բանակի հիմքն է, և եթե անջատի, ապա ամբողջ առաջնագիծը, նրա պնդմամբ, կփլուզվի։
Մասկը հազարավոր Starlink տերմինալներ էր տրամադրել Ուկրաինային՝ 2022 թվականի փետրվարին ներխուժումից հետո՝ ռուսների ոչնչացրած կապի ծառայությունները փոխարինելու համար։ Հետագայում, սակայն, սահմանափակել էր մուտքը։ Starlink-ը նաև ռուսական կողմն է օգտագործում։ Նաև կարող է հասանելի լինել այն երկներին, որտեղ պաշտոնապես մուտք չի գործել արբանյակային այս համակարգը՝ օրինակ՝ գլոբալ, ռեգիոնալ ռոումինգի միջոցով, ինչն, օրինակ արել է Ադրբեջանը։
Այդուհանդերձ, Starlink-ի առկայությունը առավելություն կարելի՞ է համարել հենց ռազմի դաշտում, հարցին Արթուր Պապյանը պատասխանեց. «Ռազմի դաշտում պիտի լինի ռազմական տեխնիկա, դա ռազմական տեխնիկա չէ, այլ քաղաքացիական է, հետևաբար գուցե ընդունելի է իր կիրառությունը, ինչպես որ քաղաքացիական դրոնները օգտագործում են ռազմի դաշտում այսօր, եթե այլ ճար չկա: Եվ, այո, գուցե իսկապես Հայաստանի նման երկրի դեպքում կարող է լավ արդյունքներ ցույց տալ, սահմանամերձ վայրերում էլի որոշակի փորձարկումներ արվել են, և ինքն իրեն լավ է ցույց տալիս: Ե՛վ շարժական իրավիճակում, և՛ շարժվող մեքենայի մեջ է դա ապահովում կապուղի, և՛ ստատիկ դրված տեսքով: Պետք է շարունակել կապի այլընտրանքային, գաղտնագրված և ռազմական նշանակության միջոցների ստեղծումը»:
Starlink-ի ռազմական նշանակությունը պետք չէ գերագնահատել, առավել ևս, ըստ մասնագետի, հուսալի, վստահելի միջոց համարել։ Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ Starlink-ի հիմնադիր Իլոն Մասկին կարող է ինչ-որ մի պահ ինչ-որ բան չգոհացնել, և կիրառումը հենց այդ պահին կսահմանափակվի։