Ստամբուլում այսօր հանդիպում են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագետները՝ վերջին տասն օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ։
Այսօրվա հանդիպման օրակարգում հիմնական հարցը Ուկրաինայի դեմ պատերազմից հետո սառեցված դիվանագիտական հարաբերությունների ու դեսպանատների աշխատանքի վերականգնումն է:
Ընդ որում, դռնփակ բանակցություններն անցնում են ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում:
«Մեր բարձրաստիճան դիվանագետները, փորձագետները կհանդիպեն և կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախորդ վարչակազմի անօրինական գործունեության արդյունքում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելու ռուսական դեսպանատան համար», - հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նախորդ անգամ Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն հանդիպել էին փետրվարի 18-ին՝ Սաուդյան Արաբիայում, և ավելի քան 4 ժամ բանակցելուց հետո պայմանավորվել էին դիվանագիտական ու տնտեսական կապերի աշխուժացումից բացի նաև աշխատանքային խմբեր ստեղծել՝ Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու համար:
«Բանակցությունները, որոնք տեղի են ունենում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից մոտ երկու շաբաթ անց, ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ կարող են կողմերն առաջ շարժվել», - նախօրեին հայտարարեց Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին երեկ հայտարարեց, թե կա փոխադարձ ընկալում, որ երկու երկրների նախագահները պետք է անձամբ հանդիպեն, սակայն դեռ պարզ չէ, թե դա երբ կլինի։
ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և հնարավորինս արագ վերջ դնել Ուկրաինայում պատերազմին: Երեկ էլ Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց՝ պատերազմը դադարեցնելու համար Պուտինն ստիպված կլինի զիջումների գնալ:
«Այո՛, նա ստիպված կլինի: Եվ կարծում եմ, որ այդ պատերազմը կավարտվի, քանի որ մենք ենք ընտրվել: Վստահ եմ, որ եթե ... այս վարչակազմը չհաղթեր ընտրություններում, պատերազմը երկար կշարունակվեր», - ասել է Թրամփը:
Բացի դրանից՝ Մոսկվան և Վաշինգտոնը հայտարարել են, որ դիտարկում են նաև բիզնես նախաձեռնությունների հնարավորությունը:
Մինչ ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցում էին ԱՄՆ-ին ուկրաինական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք տրամադրելու շուրջ, Պուտինն այս շաբաթ հայտարարեց, որ Ռուսաստանը ևս ունի նման հանածոներ, ընդորում՝ ավելի շատ, քան Ուկրաինան, և բաց է ԱՄՆ-ի հետ այս ոլորոտում համագործակցության:
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Պուտինը նկատի է ունեցել նաև Ուկրաինաից գրաված տարածքների հանքերը: Ի պատասխան Թրամփը հայտարարեց՝ հետաքրքրված են նաև ռուսական առաջարկով: