Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Նրան տեղափոխել են Աջափնյակի դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Սպարտակ Ղուկասյանը սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ է՝ հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով:
Ինչպես հայտնեց փաստաբանը, «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»:
«Մեղադրանքը էս է, բայց թե որտեղից են նրանք գտել հայհոյանք, որ իբր կատարում է Սպարտակ Ղուկասյանը, անկեղծ ասած, անհայտ է, անհասկանալի է մեր համար», - հավելեց Արամայիս Հայրապետյանը:
«Մեղադրանք է ներկայացվել, բայց նույն դեպքերը ամբողջությամբ ուղիղ եթերով հեռարձակվել է, այսինքն՝ չէր կարող էդ ուղիղ եթերում հեռարձակվածից բացի ուրիշ բան տեղի ունեցած լիներ: Ուղիղ եթերում հեռարձակվածի մեջ որևէ հայհոյանք, սեռական բնույթի առավել ևս հայհոյանք Սպարտակ Ղուկասյանի կողմից չի կատարվում, մենք էլ ենք նայում էդ տեսագրությունը: Բայց թե ինչու ենք մենք նայում՝ դա չի երևում, բայց հատկապես նախաքննական մարմնին դա երևում է, անհասկանալի է», - ընդգծեց փաստաբանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»:
«Խոսքը ո՞ր դրվագի մասին է, որ Վարդան Ղուկասյանին հարցնում են՝ արդյոք ինքը կաշառք վերցրե՞լ է, այդ դրվագի՞ն է վերաբերում», - այս հարցին փաստաբանն արձագանքեց. - «Այո, էդ դրվագին է վերաբերում, էդ ամբողջ իրադարձությանն է վերաբերում, և էդ իրադարձությունները գտել են խմբի կողմից խուլիգանության իբր կատարում, այսինքն՝ իբր Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ»:
Այսինքն՝ Վարդան Ղուկասյանին և՞ս ներկայացվելու է մեղադրանք. Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ «ենթադրվում է՝ այո, որովհետև Սպարտակ Ղուկասյանին խմբի կազմում են ասում Վարդան Ղուկասյանի հետ, ենթադրվում է, որ նրան էլ՝ Վարդան Ղուկասյանին էլ են առաջադրելու»:
Փաստաբանը նաև մանրամասնեց, թե ինչպես են ձերբակալել Սպարտակ Ղուկասյանին. - «Նրան հրավիրել են Գյումրի քաղաքում գտնվող Շիրակի մարզային քննչական վարչություն՝ իբր հարցաքննության: Ոստիկանների ուղեկցությամբ նա գնացել է քննչական վարչություն, որպեսզի ներկայանա քննիչին հարցաքննության, դեռ չմտած վարչության շենք՝ դիմակավորված անձինք նրան հարկադրաբար, էդ առևանգման նմանվող գործողություններով նստեցրել են մեքենան և տարել են: Հետագայում արդեն մենք ճշտեցինք, որ գտնվում է Երևան քաղաքի քննչական վարչության շենքում, իսկ արդեն ներգրավելուց հետո պարզ դարձավ, որ առկա է եղել նաև նրան ձերբակալելու մասին որոշում քննիչի»: