Ձեռնափայտով վարչապետին հարվածելու մասին խոսքերից ամիսներ անց ընդդիմության ցույցերի մասնակից Վահան Մանասերյանը հայտնվել էր մեղադրյալի կարգավիճակում, գործը Քննչականն արագ քննել, ուղարկել էր դատարան, բայց 55-ամյա տղամարդը երեկ կայացած դատական նիստից երկու շաբաթ առաջ մահացել է: Այս հիմքով գործը կարճվել է:
«Ավելի քան համոզված եմ, որ այս դատավորը, թեկուզ եթե այդ մարդը կենդանի լիներ, հաստատ գնալու էր ընդառաջ իմ միջնորդությանը և բավարարեր՝ հանցակազմի բացակայությամբ», - «Ազատությանն» ասաց փաստաբան Վահե Մարգարյանը:
Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանրահավաքների մասնակից Մանասերյանը թերևս կյանքում առաջին անգամ հարցազրույց էր տվել ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
Քննիչները նրա խոսքը գնահատել էին վարչապետի առողջությանը վնաս տալու սպառնալիք զենքով կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայով, այս դեպքում՝ ձեռնափայտով: Ընդ որում, իրավապահները, դիտելով մայիսին հրապարակված 3 րոպեանոց հարցազրույցը, եզրահանգել էին, որ եղել է այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ:
Մինչդեռ փաստաբան Վահե Մարգարյանը համոզված է՝ ավտոմեխանիկ պաշտպանյալն անվտանգության աշխատակիցներով շրջապատված վարչապետի համար իրական վտանգ չէր կարող ներկայացնել: 55 տարեկանում քրեական քաշքշքուկի մեջ հայտնվելուց հետո առողջությունն ավելի էր վատացել, ասաց պաշտպանն ու հավելեց՝ Մանասերյանն իրեն մահվանից առաջ ասել էր, որ զղջում է իր խոսքերի համար, հորդորել այդ մասին բարձրաձայնել դատարանում:
«Ես ինձ մեղավոր եմ ճանաչում, միգուցե այդ հիմքով ես պատասխանատվությունից ազատեմ, բայց ես իրեն բացատրել եմ, որ մեղավոր դու մի ճանաչի, ես քո կողքն եմ: Որպես իրավաբան՝ ես գտնում եմ, որ դու քո սպառնալիքն իրագործելու հիմքեր չունեիր՝ չէիր կարող իրագործել քո սպառնալիքը: Ինքն ասել է՝ չէ, չգիտեմ՝ վախվորած էր, ինչ էր», - պատմեց փաստաբանը:
Վահան Մանասերյանն առողջական խնդիրներ ուներ: Ապրում էր միայնակ: Մահացել է փետրվարի 4-ին, փաստաբանը մահվան վկայականը ներկայացրել է դատավորին, ինչից հետո էլ գործը կարճվել է: Վարչապետին իրավապահները տուժող չեն ճանաչել, ինչու՝ չեն մանրամասնում:
Մարգարյանն ասաց՝ զղջման դեպքում գործը կարող էր կարճվել, թեև վստահ է, որ պաշտպանյալի խոսքերն օրենքի խախտում չէին:
«Նրա ձայնի մեջ սպառնալիք չկա անգամ». իրավապաշտպան
Նույն կարծիքին է նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ մեկ ոտքը կտրած, երկրի ճակատագրով մտահոգ այդ քաղաքացին ինչպե՞ս կարող էր իրական սպառնալիք ներկայացնել վարչապետի համար. «Նրա ձայնի մեջ սպառնալիք չկա անգամ»:
Իրավապաշտպանը հիշեցնում է հենց Փաշինյանի ու նրա թիմակիցների բառապաշարի, վերաբերմունքի մասին: Տարիներ առաջ վարչապետն էր խորհրդարանի ամբիոնից նման արտահայտություն հնչեցրել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ թքել էր սփյուռքահայ տղամարդու դեմքին:
«Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք», - ասել էր վարչապետը:
«Իրական սպառնալիքը Ալեն Սիմոնյանն էր, որ թքել էր մարդու դեմքին: Ինչո՞ւ չպատժվեց, ինչո՞ւ դուք չեք պատժվում, ինչո՞ւ երբ Ավինյանի հայրը վիրավորում է մեր ժողովրդի մի ամբողջ հատվածի, և այդպես անպատիժ եք մնում: Այդքա՞ն թանկ է Նիկոլ Փաշինյանն, ավելի բա՞րձր է, քան այս մարդը», - հարցնում է Ժաննա Ալեքսանյանը:
Ինչո՞ւ են միայն պատժվում բողոքող քաղաքացիները, հարցնում է նա ու հիշեցնում մեկ այլ դեպք, երբ արցախցի տղամարդը վարձակալած բնակարանի պատշգամբից խնձոր էր նետել վարչապետի ուղղությամբ, որը նրան չէր էլ դիպել:
Գործը դատարանում է, արցախցի տղամարդուն էլ սպառնում է երկու տարվա ազատազրկում: