Մատչելիության հղումներ

Սպառազինություն՝ 7 երկրից, այդ թվում՝ Իրանից ու Չինաստանից

Այսօր Հանրապետության հրապարակում 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրության զինտեխնիկա ցուցադրեցին:

Անակնկալ էր, թերևս իրանական ու չինական տեխնիկան: Իրանական «Մաջիդ» հակաօդային պաշտպանության համակարգերի ու չինական Rainbow ԱԹՍ-ների մասին մինչ այս չէր հայտարարվել, նման տեղեկություններ նաև մամուլում չկային: Բայց «Ազատության» հետ զրուցած փորձագետները ընդգծում են, որ հայկական անուններով ներկայացվածները հենց այդ զենքերն են:

Զորահանդեսին ցուցադրեցին նաև ամերիկյան, հնդկական, ռուսական ու ֆրանսիական զինատեսակներ, արտասահանյան բազմաթիվ զինատեսակներ, իրանականի ու չինականի նման՝ հայերեն անվանափոխված ներկայացրեցին:

Իրանական «Մաջիդ» հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, ըստ տարբեր աղբյուրների, իրանական կողմը ամերիկյան ինքնաթիռների ու իսրայելական դրոնների է հարվածել ռազմական գործողությունների ընթացքում: Որոշ լրատվամիջոցներ այժմ գրում են, թե Հայաստանն այս զինտեխնիկայի առաջին արտասահմանյան գնորդն է:

Իրանի հարցերով փորձագետ Սայրուս Ամերյանը կարևորում է այս գործարքին Արևմուտքի արձագանքը: «Ազատության» հետ զրույցում փորձագետը կարծիք հայտնեց, թե այս գործարքով հավանաբար Թեհրանը տնտեսական մղումներ է արտացոլում: Նրա տեղեկություններով՝ այդ համակարգերի գինը մոտ 500 միլիոն դոլար է, ինչը երկու երկրների համար մեծ գումար է:

«Ղարաբաղում կրած պարտությունից հետո Հայաստանը, կարծես թե, բազմաշերտ հակաօդային պաշտպանություն է կառուցում, ու Մաջիդները կարծես թե այդ համակարգի մի մասն են»,- ասում է Իրանի հարցերով փորձագետ Սայրուս Ամերյանը:

Չինական Rainbow անօդաչու թռչող սարքերը վերջին օրերին կանգնեցրել էին հրապարակի մետրոյի դիմաց: Դրանք կտորներով ծածկել էին, այսօր հաղորդավարն այն «Աղեղ» անվանեց: Անվանափոխվեցին նաև հնդկական «Աքաշ» զենիթահրթիռային համակարգն ու հնդկական ATAGS հաուբիցը: Ֆրանսիական «Սեզարն» էլ «Արամազդ» հրետանային համակարգ անվանեցին.

Իրական անունով ներկայացրեցին հնդկական Tata ընկերության ավտոմեքենաները, ֆրանսիական Bastion զրահամեքենաները, ամերիկյան M2 գնդացիրները, սովետական տարիներից արտադրվող ռուսական Тос 1 А համազարկային համակարգերն ու D30 և «Тор» հաուբիցները, МИ 17 ուղղաթիռները և СУ 25 7 СУ 30 ինքնաթիռները:

Հայկական զինտեխնիկայի շարքում ցուցադրեցին «Հրազդան», «Սևան» ականանետները, «Ատլանտ» համազարկային կրակի համակարգերը ու հայկական արտադրության մի շարք անօդաչու թռչող սարքեր: Այսօր ներկայացրեցին զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների նոր համազգեստները:

10 տարի անց Հանրապետության հրապարակում անցկացված առաջին ռազմական շքերթը մինչ զինտեխնիկայի ցուցադրությունը մեկնարկեց բոլոր զոհերի հիշատակի համար մեկ րոպե լռությամբ ու համազարկային կրակով:

Առաջին Հանրապետության հռչակման օրը անցկացված միջոցառմանն իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարեց՝ Հայաստանը հաղթահարում է պետության ժամանակավորության բարդույթն ու մտնում պետության հարատևության օրակարգ: Փաշինյանը դարձյալ կրկնեց՝ բացի խաղաղապահ առաքելությունից զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս անելիք չունեն:

Ավելի ուշ վարչապետը փակագծերը չբացելով հայտարարեց, թե Հայաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից զինտեխնիկա են գնում նաև զարգացած երկրները.

«Զարգացած երկրները պայմանագիր են կնքում, ընդ որում բազմամիլիոն դոլարների պայմանագրեր, արդեն իսկ մեր ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Մենք գիտական մեծ պոտենցիալ ունենք և գիտության մեջ մեծ ավանդույթներ ունենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG