Մատչելիության հղումներ

Սպանություն օրը ցերեկով Աբովյանում. երկու օր է՝ իրավապահները մեղադրյալներին չեն հայտնաբերում


Սպանություն օրը ցերեկով Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցում՝ կանգնառում սպասող մարդկանց, փողոցով երթևեկող վարորդների աչքի առջև: Համացանցը ողողած տեսանյութերում երևում է, թե ինչպես մի տղամարդ թիկունքից հարձակվում է 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, խոհանոցային մեծ դանակով մի քանի անգամ հարվածում նրան: Երիտասարդը վայր է ընկնում, կորցնում գիտակցությունը, հիվանդանոցում արձանագրվում է նրա մահը:

«Էն տեսա, որ արդեն ընկած էր էնտեղ, արյունաքամ էր լինում, սկոռին չէր գալիս՝ մի 40 րոպե չեկավ», - «Ազատությանը» պատմեց քաղաքի բնակիչ Արմեն Ապինյանը: Եթե շտապօգնությունը ավելի շուտ էլ տեղ հասներ, երիտասարդը, աբովյանցու կարծիքով, «դժվար փրկվեր, շատ էր դանակահարությունը, շատ ա խփել, էլի, ու նենց տեղեր ա խփել, որ դժվար, էլի, եսիմ»:

Սարգիս Զեյնալյանի սպանության համար մեղադրանք է ներկայացվել երկու հոգու, երկուսի գտնվելու վայրն էլ հայտնի չէ, փախուստի մեջ են, սպանությունից երկու օր անց իրավապահներին չի հաջողվել գտնել նրանց:

Աբովյանում խոսակցություններ կան, թե Զեյնալյանի ու սպանության մեջ մեղադրողների միջև ամիսներ առաջ խնդիրներ են եղել, մեղադրյալները, որոնք եղբայրներ են, որոշել են վրեժ լուծել:

Արմեն Ապինյանն «Ազատությանը» պատմեց ականջին հասածը. - «Դե ինչ-որ խնդիրներ են ունեցել»:

Ինչո՞ւ քաղաքի հենց բանուկ մասում հավաքվածները չկարողացան կանխել ողբերգությունը, Արմեն Ապինյանը ենթադրում է՝ երևի վախեցան, հանցագործի ձեռքը մի մեծ դանակ կար. - «Դե կկարողանային երևի, բայց ոչ մեկ էլ ոչ մի բան չարեց, էլի: Դե ձեռը յեքա դանակը, մարդիկ կվախենան, էլի, երևի, մոտիկանան»:

Սարգիս Զեյնալյանի սպանությունը ֆիքսել է հենց կանգառի տեսախցիկը: «Ազատության» այցելության պահին այն արդեն կանգառից հանված էր: Քննչական կոմիտեն առգրավել է տեսախցիկն ու պարունակությունը, պարզ չէ, թե տեսագրությունն ինչպես է հայտնվել համացանցում:

Աբովյանցիները մտահոգ են.

«Հո դա առաջին դեպքը չի: Հայաստանը դառել է Սիցիլիա, մաֆիայի երկիր է սա»:

«Սա էս ո՞ւր ա տանում, մի դեպք չի է, քանի դեպք ա արդեն»:

«Ազատության» զրուցակից աբովյանցիները կարծիք էին հայտնում, որ ոստիկանությունը տեղում չէ, որ եթե լավ հսկողություն աներ, ապա նման արյունալի դեպքերը հնարավոր կլիներ կանխել.

«Տպավորություն ա ստեղծվում, որ ոստիկանությունը մենակ նրա համար ա, որ գալիս ա արձանագրի, որ դեպքը էղել ա, միջոցներ ձեռնարկի, գալիս են չափում են, փակում են, արդեն փաստը կատարված ա էղել: Բայց կարելի ա չէ՞ իրիկունները հերթապահ նշանակել»:

Տարեց տղամարդը հարցնում է՝ ինչո՞ւ են ոստիկաններին տեսնում միջադեպերից հետո կամ էլ ընդդիմադիրների դեմ գործողություններում. - «Հիմնական բանը թողած՝ գնում են եսիմ ում պատվերն են կատարում, չեմ ուզում, էլի, գիտեք, չեմ ասում: Էդ ա, գործով զբաղվեք, ձեր գործը ի՞նչ ա: Դուք թողում եք գնում ընդե, որ անմեղ մարդկանց բռնում եք, տանում եք քրեական գործ եք հարուցում, եսիմ ինչ եք անում, էդ չի, էլի»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս հարցնում է՝ ո՞ւր են ոստիկանները, ինչո՞ւ են զբաղված ոչ իրենց գործով. նկատի ունի քաղաքական ենթատեքստերով իրադարձություններին նրանց ակտիվությունը: Ասում է՝ հենց ներսից է ստանում տեղեկություն, որ ոստիկանները ստիպված զբաղվում են ոչ իրենց գործերով:

«Տարբեր, տարբեր մարդկանց վերաբերյալ՝ ոչ հանցավոր գործունեություն իրականացնող մարդկանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելով են զբաղված լինում շատ անգամ, այդ թվում նաև՝ ընդդիմադիրների, հիմնականում ընդդիմադիրների և ոչ միայն ընդդիմադիրների: Բնականաբար, էս ամբողջ ինֆորմացիան պետական մարմինները հերքելու են», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Կարապետյանցի խոսքով՝ հասարակությունը հայտնվել է մի իրականությունում, որտեղ փոխադարձ ատելության քարոզը, պառակտումը, ինչպես նաև ոստիկանության՝ իր անմիջական գործառույթով չզբաղվելը ստեղծում է հենց այսպիսի իրավիճակ:

«Գոնե պատրուլ լինի, ո՞նց կարող են էսպիսի աչքաթող եղած վիճակում լինել: Մենք ունենք բազմաթիվ իրավիճակներ, որտեղ ոստիկանության ներգրավվածությունը էնքան մեծ է, որ դու չես հասկանում՝ ինչն է պատճառը, որ էս աստիճանի ոստիկանության ներկայություն կա», - ընդգծեց իրավապաշտպանը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, մինչդեռ, անցած շաբաթ խորհրդարանում հայտարարում էր՝ սպանությունները հանցավորության ընդհանուր ծավալում կազմում են ընդամենը 0.2 տոկոսը:

«Հանրապետության մակարդակով շարունակում է մեզ մոտ գերակշիռ մնալ կենցաղային բնույթ ունեցող սպանությունները, և այս դինամիկան ըստ էության պահպանվում է և որևէ էական, կտրուկ և վտանգավոր, էսպես ասեմ, վերափոխումներ չի ունենում», - ասում էր նախարարը:

«Ազատության» տեղեկություններով՝ աբովյանցի Սարգիս Զեյնալյանի սպանության մեղադրյալներից մեկը տարիներ առաջ մեղավոր է ճանաչվել սպանության համար և 11 տարի անցկացրել է բանտում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG