Թեև Քննչական կոմիտեն պնդում է, որ բացահայտել է դեռևս 27 տարի առաջ տեղի ունեցած՝ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, սակայն կոմիտեն չունի գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է պատվիրատուն, և որո՞նք են պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի զինակցի սպանության շարժառիթները:
Այս գործով քննիչ Դավիթ Սարոյանը նախօրեին Հանրայինին տված հարցազրույցում ասաց, թե պատվիրատուին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հայտնի է միայն, որ Խորխոռունու սպանության մասնակիցներից մեկը նույն օրը սպանել է մյուս մասնակցին, ըստ քննիչի՝ դրդապատճառները քողարկելու նպատակով:
«Վահրամ Խորխոռունու սպանությունը ավարտելուց հետո, մասնակիցներից մեկը նույն օրը իրագործել է նաև երկրորդ մասնակցի սպանությունը, որի համար հետագայում վերջինս դատապարտվել է ազատազրկման շուրջ 15 տարվա», - ասաց Սարոյանը:
«Ո՞վ ա պատվիրատուն, ո՞վ ա տվել էդ դոլարը, պատվիրատուների անունը տվեք»: Այն, որ Վահրամ Խորխոռունու սպանությունը կատարողները հայտնի էին դեռ 27 տարի առաջ, «Ազատության» հետ զրույցում նշել էր այն ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը՝ տեղեկացնելով, որ կասկածվող երեք անձինք, այդ թվում՝ այժմ կալանավորված Սասուն Առուշանյանը, նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին նաև 1999-ի սեպտեմբերին, բայց ամիսներ անց ազատ էին արձակվել:
«Մեզ պատվիրատուի անունն ա պետք, էս սպանողների անունը 99-ին էլ գիտեինք», - ընդգծել էր Բաբայանը՝ շարունակելով. - «Հետո խի են բաց թողել, ով ա եղել էն մեծ պապան, որ կարողացել ա բաց թողի՝ այ դրա մասին խոսեն»:
Ո՞ւմ որոշմամբ են Վահրամ Խորխոռունու սպանության մեջ մեղադրվողներն այն ժամանակ ազատ արձակվել: Հանրայինի հետ զրույցում այս հարցի պատասխանը քննիչ Դավիթ Սարոյանն այդպես էլ չտվեց: Ամեն դեպքում, սպանությունը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Սասուն Առուշանյանի վերաբերյալ հետապնդումը կարճելու, իսկ հետագայում էլ քրեական գործը կարճելու վերաբերյալ այն ժամանակվա որոշումը քննիչը որակում է հիմնազուրկ: Այդ որոշումն, ի դեպ, նույնպես քննության առարկա է:
«Այդ որոշումը գնահատվում է բավականին վաղ կայացված որոշում և, կարելի է ասել, հիմնազուրկ», - նշեց Սարոյանը:
Խորխոռունու սպանության գործով քննիչը նաև տեղեկացնում է, որ 27 տարի անց առաջին անգամ գործով տուժող է ներգրավվել, տվյալ դեպքում՝ Խորխոռունու որդին: Քննչական կոմիտեն այժմ քննություն է իրականացնում պարզելու համար՝ արդյո՞ք 27 տարի առաջ քննչական մարմինները դիտավորյալ կերպով են տուժողներին հեռու պահել քրեական վարույթից. - «Մենք այդ հարցի պատասխանը ներկայումս չունենք»:
Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն հայտարարում բացահայտման մասին, երբ կարևորագույն հարցերը մնում են անպատասխան՝ ո՞վ էր Խորխոռունու սպանության պատվիրատուն, որո՞նք էին շարժառիթները, ինչո՞ւ էին այն ժամանակ նույն գործով նույն անձին կալանավորելուց հետո նրան ազատ արձակել, ինչո՞ւ Խորխոռունու գործով տուժողներ ներգրավված չէին, և այլն:
Արդյո՞ք այսքանից հետո կարելի է ասել, որ բացահայտված է 90-ականների վերջին կատարված աղմկահարույց այս սպանությունը: Վահրամ Խորխոռունին սպանվել է 1998-ի դեկտեմբերի 9-ի երեկոյան Երևանում՝ իր տան շքամուտքում: Նրա վրա 5 կրակոց էր արձակվել, 3-ը՝ դեմքի, 2-ը՝ կրծքավանդակի շրջանում:
Քննչական կոմիտեից փոխանցում են, թե գործը բացահայտված են համարում, քանի որ սպանություն կատարած անձը կալանավորված է, իսկ մնացած հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ գրեթե 30 տարվա վաղեմության գործերի մասին հիշելը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով. - «Կարծում եմ՝ էստեղ մենք գործ ունենք ակնհայտորեն քաղաքական մոտիվի հետ»:
Բադալյանը պատահական չի համարում, որ Քննչական կոմիտեն, հայտարարելով Խորխոռունու սպանության բացահայտման մասին, միաժամանակ ընդգծում է, որ ներկայումս ուսումնասիրում է նախկինում կատարված հանրային հնչեղություն ստացած այլ սպանության դեպքերի վարույթները: Վերլուծաբանի համոզմամբ՝ նախընտրական շրջանում, ինչպես նախկինում, կակտիվանան տարբեր հնչեղություն ունեցող գործերը՝ «Մարտի 1», «Հոկտեմբերի 27», իսկ ընտրություններից հետո, էլի ըստ քաղաքական նպատակահարմարության, կուղարկվեն մոռացության գիրկը:
«Ակնհայտ է, էդ նախադեպերը որ նայում ենք, 18-ից հետո ինչքան հայտարարություններ են հնչել՝ «Մարտի 1»-ի թեմայով, որ բացահայտված է, «Հոկտեմբերի 27»-ի թեմայով ինչպիսի հայտարարություններ են հնչել, բայց մենք չունենք ո՛չ բացահայտումներ, ո՛չ, ինչ-որ, ամբողջական հարցերին պատասխաններ: Սրանք պարզապես տեղեկատվա-քարոզչական շատ հարմար ռեսուրս են՝ մթնոլորտը կառավարելու համար, անհրաժեշտ տրամադրություններ խթանելու կամ գեներացնելու համար՝ կապված քաղաքական մրցակիցների հետ: Մենք գիտենք, որ այսօրվա իշխանության քաղաքական հիմնական մրցակիցները մինչև 2018-ը Հայաստանում եղած բոլոր, այսպես ասենք, իշխանություններն են: Հետևաբար, էդ բոլոր իշխանությունների հանդեպ առնվազն տեղեկատվա-քարոզչական նկատառումով հնարավոր է օգտագործել այդ իշխանությունների շրջանում տեղի ունեցած ցանկացած աղմկոտ սպանություն կամ արյունալի դրվագ», - ընդգծեց վերլուծաբանը:
Ի դեպ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործի ուսումնասիրությունը, ըստ Քննչականի, կատարվել է 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործի քննության շրջանակներում:
Թե ինչ փոխկապակցվածություն ունեն այս երկու գործերը, Քննչականից հրաժարվեցին պարզաբանել: