3 տարի առաջ Երևանի կենտրոնում՝ վարչապետի շարասյան ուղեկցող առաջին մեքենայի հարվածից մահացած 28-ամյա հղի կնոջ գործով դատավարությունն ավարտվեց:
Դատարանը երեկ վճռեց՝ կնոջը մահացու վրաերթի ենթարկած վարորդին՝ ոստիկնության մայոր Արամ Նավասարդյանին, ազատազրկել 1 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժը կրելուց հետո Նավասարդյանը ևս 1 տարի 6 ամիս էլ մեքենա վարելու իրավունք չի ունենա:
Դատավարությունից երկու կողմերն էլ դժգոհ են
Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը չի ընդունում մեղքը, դատավարության երկու կողմերն էլ դժգոհ են՝ բողոքարկելու են վիճռը:
«Նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ, տուժող կողմը դժգոհ է: Միանշանակ բողոքարկելու ենք», - ասաց Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
Արամ Նավասարյանի փաստաբանն էլ դեռ երեկ հայտարարեց. «Պարտադիր բողոքարկելու ենք, էս գործով էնքան կոպիտ դատավարական սխալներ են թույլ տրվել»:
Գործով միակ մեղադրյալ Արամ Նավասարդյանը կշարունակի ազատության մեջ մնալ, պատիժն ուժի մեջ կմտնի, երբ բողոքարկման դատական բոլոր փուլերը սպառվեն: Այդ ընթացքում կպահպանվի նրա խափանման միջոցը՝ ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որ երեկվա նիստին հիվանդության պատճառով ներկա չէր, այսօր «Ազատությանն» ասաց՝ 1 տարի 6 ամիսը ոչ միայն մեղմ պատժամիջոց է, այլև խնդրահարույց է, որովհետև հստակ ենթատեքստ ունի. «Մինչև 2 տարի պատիժները հնարավոր է այլ պատժատեսակով փոխարինել: Հատկապես՝ տվյալ պահին գործող Քրեական օրենսգիրքն այդպիսի հնարավորություններ է ընձեռում: Տուժող կողմը այդ մտավախությունն ունի, որ մեկ տարի վեց ամիս պատիժ նշանակելով՝ կա որոշակի ներքին պայմանավորվածություն, որ հետագայում պատժատեսակի փոփոխության գնան: Սա հնարավորություն է տալու, որ Արամ Նավասարդյանն առհասարակ պատիժ չկրի»:
Դատարանը դեռ անցած ամիս էր մեղավոր ճանաչել վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար: Իսկ պատժաչափը հրապարակվեց երեկ:
Ըստ գործով փորձաքննության՝ Նավասարդյանը խաչմերուկ է մտել 108 կմ/ժ արագությամբ՝ թույլատրելի 100-ի փոխարեն։ Մեղադրող դատախազը պնդում է՝ եթե արագությունը գերազանացած չլիներ՝ կկարողանար արգելակել: Համացանցում տարածված կադրերից, սակայն, երևում է, որ ոչ միայն շարասյան առջևի մեքենան չի կանգնում, այլև նրա հետևից գնացողները: Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը պնդում է՝ սա ապօրինի մեղադրանք է: Դատավճիռն էլ, ասաց, բողոքարկելու է, որովհետև նախ գործը հսկող դատախազն է արգելել, որ քննիչը փորձագետին հարց ուղղի, թե Արամ Նավասարդյանի երթևեկության համար վտանգի պահը ե՞րբ է առաջացել, հետո իրենք են զրկվել փորձագետին այդ հարցը տալու իրավունքից: Սա, ըստ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանի՝ այս գործով գլխավոր խախտումենրից մեկն է, բացի այդ. «Երեք փորձագետի եզրակացություն կա, որ խաչմերուկը կարգավորող տեսուչը ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել, եթե ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել, ուրեմն, Արամ Նավասարդյանը, կոպիտ ասած, խաչմերուկ է մուտք գործել կանաչ լույսի տակով, տեսուչի հրահանգով: Նավասարդյանի մեղադրանքի մեջ նշված է, որ Սոնան խաչմերուկ է մուտք գործել լուսացույցի կանաչ լույսի տակ և ճանապարհը հատել է հետիոտնային անցումներով։Ես մեռա բացատրելով, ասում եմ՝ եթե խաչմերուկում կարգավորող կա, չի գործում լուսացույցի լույսը», - ասաց Բալոյանը։
Դատաքննության 3 տարիների ընթացքում Նավասարդյանի փաստաբանները պնդում էին՝ Սոնա Մնացականյանն է խախտել կանոնները՝ անցնելով կարմիր լույսի տակ և չհետևելով կարգավորողի ազդանշանին։ Կնոջ ընտանիքը երեք տարի անընդմեջ հակառակն է պնդում՝ եթե խաչմերուկը պատշաճ փակ լիներ, Սոնա Մանցականյանը ինչպե՞ս կհայտնվեր խաչմերուկի վտանգավոր գոտում: Մինչև վարորդի փաստաբանները պնդում են, թե Նավասարդյանը ճանապարհը կարգավորող տեսուչի հրահանգով է մտել խաչմերուկ, տուժող կողմը հարցնում է՝ իսկ տեսուչին ո՞վ է հրահանգել: Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ այդ և մի շարք այլ հարցերի պատասխանները կտային շարասյան ռադիոկապի ձայնագրությունները, որոնք, սակայն, ըստ ոստիկանության բացատրոււթյան՝ «տեխնիկական խոտանի պատճառով» չեն պահպանվել։ Ասլանյանը սա համարում է դիտավորություն, որպեսզի, շարասյան ղեկավար կազմը պատասխանատվությունից ազատվի: «Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ արդարադատություն, իսկապես, գոյություն չունի: Ամեն ինչ արվեց, որպեսզի Սոնա Մնացականյանի վրաերթի մեջ մեղավորը կամ որոշակի մասնակցություն ունեցող անձինք զերծ պահվեն քրեական պատասխանատվությունից կամ ձևական քրեական պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Սոնա Մնացականյանի փաստաբանը:
Սոնա Մնացականյանի ընտանիքը դատարանից պահանջել էր 4 տարվա ազատազրկման ենթարկել վարորդ Նավասարդյանին և10 միլիոն դրամ պահանջել նրանից՝ որպես գույքային վնաս: Ներկայացված փաստաթղթերով՝ այդ գումարը ներառել է հուղարկավորության, գերեզմանի և հուշաքարի ծախսերին: Մեղադրյալի փաստաբանները երեկ դատարանում հայտարարեցին՝ ներկայացված ծախսերն ուռճացված են. «Կառավարության որոշման համաձայն՝ մեկ անձին հողահատկացում է արվում մեկ մետրը 2.5-ի վրա: Հիմա Ձեր արժեքը, որ բերել ներկայացրել եք ծավալի աշխատանքի համար, ուր մնաց, որ մեկը 2.5-ի վրա հատկացված գերեզմանի.... Ձեր ներկայացված փաստաթղթերը հինգ տապանաքար է», - ասաց Նավասարդյանի փաստաբանը: Սոնա Մնացականյանի հայրն էլ արձագանքեց. «Իմ ներկայացրած փաստաթղթերում կողքի տապանաքարերի մասին բացարձակ խոսք չկա, խոսքը վերաբերում է միայն իմ աղջկան»:
Հայրը՝ Մացակ Մնացականյանը, որ դժվարությամբ էր խոսում այս մասին, ասաց՝ եթե գումարն ուռճացված են համարում, կարող են նվազեցնել այն, շարունակեց՝ իր համար ծանր է խոսել հուղարկավորության ծախսերից, դժվարությամբ գտած սպիտակ դագաղի արժեքից և այլն. «Հո չեմ ասելու, որ մի սպիտակ դագաղի համար...ես չեմ ուզում մանրուքների մեջ մտնել»:
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն այսօր «Ազատությանն ասաց»՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի համար գույքային այդ վնասի պահանջը դատավարական իմաստով է կարևոր: Հետագայում, եթե Նավասարդյանի նկատմամբ համաներում կիրառվի, գույքային վնասի փոխհատուցուման հարցն առանցքային նշանակություն է ունենալու. «Հետագայում, երբ համաներում է կիրառվում, գույքային վնասի առկայությունն է որոշում: Այսինքն, օրինակ, 2013 թվականի համաներումն այդպիսինն էր. եթե նյութական վեճ չկա, ապա համաներումը կիրառելի է, եթե կա, ապա կիրառելի չէ: Սա նաև հեռահար նպատակներ ունի: Տուժող կողմը կարող էր առհասարակ գույքային հայց չներկայացնել, բայց հետագայում՝ համաներման ընդունման պարագայում, սա բարենպաստ վիճակ էր ստեղծելու մեղադրյալի համար: Բացի այդ, տուժողի իրավահաջորդի մոտեցումը հետևյալն է. եթե նույնիսկ բռնագանձում լինի, ապա, գուցե նա տնօրինի բոլորովին այլ եղանակով. օրինակ՝ բարեգործական նպատակներով», - բացատրում է Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբանը:
Մահացած հղի կնոջ ընտանիքը պահանջել էր՝ 4 տարվա ազատազրկում Արամ Նավասարդյանի համար և 10 միլոն դրամի փոխհատուցում: Դատարանը չբավարարեց նրանց այս պահանջները: Բայց, որպես վնասի փոխհատուցում՝ Արամ Նավասարդյանից կբռնագանձվի 10 միլիոնի փոխարեն 4 միլիոն դրամ և 834,000 դրամ էլ փորձաքննության ծախսերը հոգալու համար։
Սոնա Մնացականյանի հայրը երեկ դատարանից գլխիկոր հեռացավ. «Իմ հույսերն ավելի շատ էին, որ, իրոք, արդարադատություն կլինի, բայց, հիմա համոզված եմ, որ չկա այդ արդարադատությունը»: