Մատչելիության հղումներ

Սիրիայում հայ է զոհվել դիպուկահարի կրակոցից. «Գանձասար»


Հալեպի շրջան, Սիրիա
Հալեպի շրջան, Սիրիա

Սիրիայում հայ է զոհվել՝ Երվանդ Արսլանյանը, հայտնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ 66-ամյա տղամարդը երեկ դիպուկահարի արձակած կրակոցից վիրավորվել էր Հալեպից դուրս գալու ճանապարհին։ Նա մահացել է այսօր Համայի հիվանդանոցում։

«Ազատություն»-ը դիմել է Հայաստանի արտգործնախարարություն, գերատեսչությունից փոխանցել են, որ տեղեկատվություն ունենալուն պես կհայտնեն։

Այսօր ավելի վաղ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել էր, որ զինյալ բախումները հեռու են Հալեպում հայկական թաղամասերից, և որ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հետևում է իրադարձություններին։ Հայ համայնքի պատասխանատուները մարդկանց հորդորել են տանը մնալ և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ։

  • Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումները նախորդ գիշերը մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը տեղեկացրել է, որ իսլամական Հայաթ Թահրիր ալ-Շամ ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավարությամբ գործող զինյաները գրեթե դիմադրության չեն հանդիպել քաղաք մտնելիս։ Միացյալ Նահանգները Հայաթ Թահրիր ալ-Շամն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։
  • Սիրիական բանակը հաստատել է, որ ապստամբների հարձակման ժամանակ բանակի տասնյակ զինվորներ են սպանվել։ Բանակի տարածած հայտարարությունում նաև ասվում է, որ կառավարական ուժերը ստիպված են եղել վերադասավորվել, որպեսզի ապահովեն խաղաղ բնակիչների և զինվորների անվտանգությունը և պատրաստվեն հակահարձակման։

XS
SM
MD
LG