Մատչելիության հղումներ

«Սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը». Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են դատարան, Երևան, 1-ը սեպտեմբերի, 2026թ.
Ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են դատարան, Երևան, 1-ը սեպտեմբերի, 2026թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհակալություն հայտնեց իրավապահներին՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու համար:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր էն անդամներին՝ սկսած էն պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ էն տեղը, որտեղ պետք է տանեն», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու կադրերը «խայտառակ» էին: Հայաստանյան մի շարք իրավապաշտպաններ այդ գործողությունները «խոշտանգում» են որակել:

Փաշինյանը հակադարձեց՝ հետևել է «այդ աղմուկին», և նրա ձևակերպմամբ՝ «այդ աղմուկը ավելին, քան խայտառակություն, դժվար է անվանել»:

«Կարծում եմ՝ այդ տեսարանները, որ դուք անվանում եք խայտառակ, Հայաստանի շատ քաղաքացիներ էդ տեսարանը տեսնելիս իրենց արձագանքը մոտավորապես կլինի հետևյալը, որ վերջապես Հայաստանում արդարության մասին խոստումները առարկայանում են: Ես, ընդհակառակը, կարծում եմ, որ էդ տեսարանը տեսնելով, թող բոլոր կոռուպցիոներները՝ ներկա և նախկին, տեսնեն, որ ինչպես ասել եմ՝ որևէ մեկը չպետք է պլստա, որևէ միլիարդանոց սիմուլյանտություն, ընդ որում՝ դոլարանոց», - ասաց վարչապետը:

«Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտել այդ տեսարանների կապակցությամբ, որ Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել: Թող բոլոր կոռումպացվածները տեսնեն, որ հատ-հատ իրենք պետք է կրեն իրենց պատասխանատվությունը», - հավելեց Փաշինյանը:

71-ամյա Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել քննչական գործողություններին։ Նրանք ավելի վաղ նկարահանված տեսանյութեր էին հրապարակել, որոնցից մեկում ԱԱԾ աշխատողները Խաչատրյանին անկողնուց պատգարակի վրա են տեղափոխում, մյուսում նա պատգարակով դատարանում է։

Գլխավոր դատախազությունը, սակայն, հակառակն է պնդում։ Ըստ գերատեսչության՝ հանձնաժողովային փորձաքննությամբ Խաչատրյանի մոտ այնպիսի առողջական խնդիրներ չեն արձանագրվել, որոնք կխոչընդոտեին քրեական վարույթի շրջանակում գործողություններին նրա մասնակցությանը։

Անդրադառնալով նախկինների քրեական վարույթներին՝ վարչապետն այսօր ասաց, որ 2018-ի հեղափոխությունից հետո այդ մարդիկ շանս են ունեցել իրենց գողացածը պետությանը վերադարձնելու համար, սակայն այդ շանսը բաց են թողել:

«Նրանք պետք է ունեզրկվեն՝ բառիս բուն իմաստով ունեզրկվեն», - շեշտեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ մարդիկ ութ տարի ազատության մեջ մնալով տիրապետել են իրենց ունեցվածքը, դա արել են այն պատճառով, որ «Հայաստանում գործող մաֆիան իր շոշափուկները ունի կառավարման բոլոր մարմիններում»: Փաշինյանն ասաց, որ իր պարտքն է ժողովրդի առաջ բոլոր այդ շոշափուկներին հատ-հատ գտնել, կտրտել և արմատախիլ անել:

«Այդ տեսարանները, որ դուք համարում եք խայտառակ, ես համարում եմ հույս, որ ի վերջո Հայաստանում կհաստատվի արդարություն», - ասաց վարչապետը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG