Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանին մեղադրեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու համար: Ազգային ժողովի խոսնակը ասածը հիմնավորում է իր նկատած մեկնաբանություններով, թե ռուսաստանյան հեռուստաալիքներում խոսում են Հայաստանում իշխանափոխությունից ու անոնսում ընդդիմադիրների հանրահավաքները:
Հիբրիդային պատերազմ հրահրող Ռուսաստանի շահերը սպասարկելու համար էլ Սիմոնյանը մեղադրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է ՀՀ-ում», - հայտարարեց բարձրաստիճան պաշտոնյան:
Փաշինյանի թիմակիցն ասաց՝ փաստեր չունի, պարզապես Քոչարյանի ու նրա գլխավորած դաշինքի պատգամավորների ելույթների բովանդակությունը, ըստ Ալեն Սիմոնյանի, համընկնում է Ռուսաստանից հնչող հայտարարությունների հետ:
Ռոբերտ Քոչարյանի թիմից արձագանքը չուշացավ: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ Ազգային ժողովի խոսնակին ու իշխանությանը մեղադրեց թուրք-ադրբեջանական լրտես լինելու մեջ:
«Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոն հանդիսանում, և այս իշխանությունն է հանդիսանում թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոնը», - ասաց Սեյրան Օհանյանը, - «Երբ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում, հենց սա է ինքնիշխանության կորուստը»:
Սեյրան Օհանյանը հավելեց՝ Հայաստանն ինքնիշխան էր նախկինում, իսկ գործող իշխանության օրոք կորցնում է դա:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից էլ են արձագանքել Ալեն Սիմոնյանի որակումներին: Ալեն Սիմոնյանն «ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի կարգավիճակ ունի», News.am-ի հետ զրույցում ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:
«Էրդողանի գիրքը տվեք գրկի հանգստանա»,- ասել է Միկոյանը:
Ռուսաստանին հիբրիդային պատերազմի մեջ մեղադրող Սիմոնյանն այսօր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցի օրակարգը, որ սպասվում է մեկ ամսից: Առաջիկայում Երևան կժամանի նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավրովի պաշտոնական այցի ժամկետն ու օրակարգը դեռ չեն հայտնում:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.