Պաշտոնական Ստոկհոլմը 20 միլիոն շվեդական կրոն (շուրջ 2 միլիոն 100 հազար եվրո) է նվիրաբերել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին։ Այս մասին նշված է Շվեդիայի կառավարության այսօր տարածած հայտարարությունում։
«Այս որոշումը լրագրողներին և անկախ լրատվամիջոցներին աջակցելու մեր շարունակական գործունեության մի մասն է» ,- հայտարարել է Շվեդիայի կառավարությունը՝ հավելելով. - «Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրեց «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին ցուցաբերվող աջակցությունը, տարբեր երկրներում ապրող բազմաթիվ մարդիկ հայտնվել են անկախ մամուլի հասանելիությունը կորցնելու վտանգի առջև»։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) միջոցով:
Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 7 դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև USAGM-ն է։ Հրամանագրի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:
«Ազատություն»-ը USAGM-ի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով կանխել Կոնգրեսի կողմից «Ազատությանը» տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու գործակալության փորձերը։ Լրատվամիջոցը պնդում է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ: