Մատչելիության հղումներ

Շռայլություն ընտրությունների նախաշեմին՝ Ստեփանավանում և Թալինում

Ստեփանավան, Լոռի
Ստեփանավան, Լոռի

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին որոշ համայնքներում տեղական իշխանություններն ավելի առատաձեռն են դարձել:

Թարմ օրինակ կա Ստեփանավանում, որտեղ զոհված զինծառայողների 35 ընտանիքներին կանանց միամսյակի առթիվ հատկացվել է ընդհանուր մեկ միլիոն 750 հազար դրամ։ Պարզ չէ՝ ինչու կանանց միամսյակին միայն 10 տարի անընդմեջ դրամական օգնություններ ստացած ընտանիքների համար է համայնքապետարանը օգնություն նախատեսել: Նախկինում՝ 2016-ից ի վեր, այս նույն ընտանիքները Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի առթիվ էին ստանում գումար՝ այն էլ ընդամենը 10 հազարական դրամ:

Ավագանու նիստ Ստեփանավանում
Ավագանու նիստ Ստեփանավանում

Փաստացի նվիրաբերվող գումարն այս տարի հնգապատկվել է՝ դառնալով 50 հազար։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մովսիսյանն ավագանու նիստի ընթացքում չթաքցրեց նպատակը՝ ցանկանում են «շահել զոհվածների ընտանիքների սիրտը»։

«Ուզում ենք նաև մի փոքր սիրտ շահել 94 թվականից ի վեր զոհեր ունեցած ընտանիքների մայրերի, առաջարկում ենք յուրաքանչյուր ընտանիքին 50 հազար դրամի չափով ապրիլյոթյան կապակցությամբ», - ասաց նա:

Ավագանու որոշմանը կից ոչ թե տեղական բյուջեից աջակցություն ստացողների ցանկն է հրապարակված, այլ դեռ 90-ականներից զոհված կամ անհետ կորած տղամարդկանց 35 հոգանոց ցուցակը: Պարզ չէ նաև՝ ովքեր են ստանալու 50 հազարական դրամները՝ նրանց կանա՞յք, մայրերը՞, թե՞ դուստրերը:

ՔՊ-ական համայնքապետ Արմեն Գրիգորյանն անգամ առաջարկեց գումարի չափն ավելացնել՝ բոլորին բաժին հանելու համար:

Իրավապաշտպաններն են սա դիտարկել և ընտրություններից առաջ վարչական ռեսուրսի կիրառում են համարում: «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն փաստում է՝ 2024-ին ՏԻՄ օրենքում արված փոփոխություններն անգամ արգելում են նման դրամական օգնությունները, մինչդեռ Ստեփանավանում դրանք ոչ միայն շարունակվում են, այլև աճում ընտրություններին զուգահեռ։

«Սա ևս կարող է ընկալվել որպես ընտրական պրոցեսների ժամանակ բարեգործություն կատարելու օրինական գործառույթ», - ասաց ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանը:

Նույնպիսի բարեգործական մթնոլորտ է հարևան մարզի՝ Արագածոտնի Թալին համայնքում։ Ավագանին 3 միլիոն դրամ է հատկացրել Մաստարա գյուղի մի բնակչի՝ նույն գյուղում բնակարան գնելու նպատակով։ Համայնքի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանը ավագանու նիստի ընթացքում հիմնավորել է՝ բնակիչն ապրում է քանդման ենթակա ամբուլատորիայի շենքում և ունի հիվանդ երեխաներ։

Ավագանու նիստ Թալինում
Ավագանու նիստ Թալինում


«Որպեսզի այդ մարդուն չթողնենք անտուն, անծածկ իր հիվանդ երեխաների հետ և իր սոցիալապես անապահով վիճակը, մենք տուն ենք գնում, 3 միլիոն տրամադրում ենք, մնացածը՝ բարեկամները, որ այդ տունը գնենք, տանք, բնակվի», - ասաց նա:

Բայց աշխատակազմի քարտուղարը հակասում է քաղաքապետին: «Ազատությանը» հեռախոսով ասաց, թե երեխաները չափահաս են և ամենևին էլ ծնողների հետ չեն բնակվում, իսկ գնվող տունն էլ դեռ սեփականության հետ կապված խնդիրներ ունի։

Ընդ որում, Թալինի համայնքապետարանի շռայլ նվիրատվությանն արժանացած Հրաչյա Դանիելյանը, ընտրողների ռեգիստրի տվյալներով, 64 տարեկան է: Նրա հետ նույն հասցեում հաշվառված ևս չորս չափահաս անձ կա:

Ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Մուրադյանը միակն է եղել, որ դեմ է քվեարկել այս որոշմանը: «Ազատությանն» ասաց՝ նիստի ժամանակ էլ հարցրել, ու այդպես էլ հարցն անպատասխան է մնացել՝ ինչո՞ւ հազարավոր անապահովների մեջ ընտրվեց հենց այս մեկը. «Ամբողջ մարզում մենակ այդ մե՞կն է: Իր նման մարդիկ լիքը կան կամ ինչո՞ւ այս պահին»:

Բայց սա Թալինի բյուջեից միակ շռայլությունը չէ։ 8 միլիոն դրամ էլ հատկացվել է 47 գերազանցիկ աշակերտների և նրանց ուղեկցող երեք անձանց Վրաստան ուղարկելու համար։ Թեև համայնքապետը հպարտացավ նաև նախորդ տարվա նմանատիպ՝ դեպի Դուբայ ուղևորությամբ, պաշտոնական փաստաթղթերում այդ մասին որևէ տեղեկություն չկա։

Պետական գնումների կայքում ևս բացակայում է որևէ մրցույթ կամ տեղեկատվություն այն մասին, թե որ ընկերությունն է կազմակերպելու 50 հոգանոց խմբի արտասահմանյան շրջագայությունը այս տարի։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն այսօր խոստացավ պարզաբանումներ տալ, բայց այլևս չպատասխանեց մեր զանգերին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG