Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Գերմանիայի կառավարությունը՝ նշելով, որ զրույցը տևել է մեկ ժամ։
Սա երկու երկրների առաջնորդների առաջին հեռախոսազրույցն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։
Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլեր Շոլցը Կրեմլի ղեկավարին կոչ է արել դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից՝ ընդգծելով, որ Գերմանիան կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Գերմանիայի առաջնորդը Պուտինի հետ զրույցում նաև պնդել է, որ Մոսկվան պետք է պատրաստվի Ուկրաինայի հետ բանակցություններին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար։
Կրելմի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը, ստեղծված իրավիճակի համար հերթական անգամ մեղադրելով ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը, նշել է, որ ռուսական կողմը բաց է բանակցությունների վերսկսման համար։ Նա կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը, թե հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի շահերն անվտանգության ոլորտում, հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա, և «ամենակարևորը՝ վերանան հակամարտության բուն պատճառները»։
Ըստ ռուսական կողմի՝ Շոլցն ու Պուտինը խոսել են նաև երկկողմ հարաբերությունների մասին։ Պուտինը նշել է «դրանցում առկա հետընթացը»։