Մինչ աշխարհի տասնյակ երկրների առաջնորդներ հոկտեմբերի 13-ին հավաքվում են Եգիպտոսում՝ Գազայում երկու տարի տևած ավերիչ պատերազմը ավարտելուն ուղղված գագաթնաժողովին մասնակցելու, մեկ երկրի բացակայությունը հատկապես աչքի է զարնում։
Իրանը, որը Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորման հիմնական աջակիցն է, մերժել է Կարմիր ծովի հանգստավայր Շարմ էլ Շեյխում կայանալիք հանդիպմանը մասնակցելու պաշտոնական հրավերը։
Որոշումը քննադատության է արժանացել որոշ իրանցի մեկնաբանների կողմից, ովքեր այն որակել են որպես Վաշինգտոնի հետ լարվածությունը թուլացնելու և Թեհրանի միջազգային մեկուսացումը մեղմելու բաց թողնված հնարավորություն։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համանախագահությամբ Եգիպտոսում անցկացվող գագաթնաժողովը տեղի է ունենում Իսրայելի և «Համաս»-ի կողմից ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքի շուրջ համաձայնությունից մի քանի օր անց։ Այդ գործարքը հույսեր է առաջացրել պատերազմի բանակցային ավարտի վերաբերյալ։
«Սպառնացեք և պատժամիջոցներ կիրառեք մեր նկատմամբ»
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական հարթակում գրել է, որ «չնայած դիվանագիտական ներգրավվածությանը նախապատվություն տալուն», Թեհրանը, այնուամենայնիվ, «չի համագործակցի այն գործընկերների հետ, որոնք հարձակվել են Իրանի ժողովրդի վրա և շարունակում են սպառնալ ու կիրառել պատժամիջոցներ»։
Արաղչին նկատի ուներ հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը, երբ Միացյալ Նահանգները միացավ Իսրայելին ու ռմբակոծեց Իրանի միջուկային օբյեկտները։
Նրա փաստարկները, սակայն, բավարար չէին որոշ իրանցի քաղաքական մեկնաբանների քննադատությունը մեղմելու համար։
Նախկին հայտնի պատգամավոր Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեհը նշել է, որ Իրանի չներկայանալը «սպանում է լարվածության թուլացման լուրջ հնարավորությունը»։ Ֆալահաթփիշեհը հավելել է, որ այդ որոշումը միջազգային ասպարեզում ավելի կմեկուսացնի Իրանին, որը գտնվում է Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ։
Մյուսները ուղղակիորեն դիմել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որն ունի վերջնական խոսքի իրավունք պետության բոլոր կարևոր հարցերում։ «Գործեք իմաստուն և մի՛ թողեք, որ այս հնարավորությունը բաց թողնվի, ինչպես անցյալում», - գրել է լրագրող Ալիռեզա Մոստոֆին։
Հակամարտությո՞ւն, թե՞ փոխզիջում
Սակայն պահպանողական թևը պաշտպանել է այդ որոշումը։
Լրագրող Նեզամոդդին Մուսավին ողջունել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ «որոշակի անհատների քաղաքական գայթակղություններին չտրվելու» և դրա փոխարեն Թեհրանում մնալու որոշումը։ Վերլուծաբան Դիակո Հոսեյնին պնդել է՝ եթե Իրանը մասնակցի գագաթնաժողովին, դրանով «կպարգևատրի Միացյալ Նահանգներին» հունիսյան ռմբակոծությունների համար։
Իսպանիայում բնակվող վերլուծաբան Աթա Մոհամեդ-Թաբրիզը նշել է, որ Իրանի որոշ քաղաքական խմբեր նախընտրում են շարունակել երկրի առճակատումը Արևմուտքի հետ։
«Իմ կարծիքով՝ Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ իր շահերին ավելի շատ համապատասխանում է հակամարտություն ունենալը, քան այնպիսի փոխզիջման գնալը, որը կարող է ստիպել զիջումների գնալ», - ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը։
Մուհամեդ-Թաբրիզի համոզմամբ՝ Թեհրանը փաստացի որոշել է, որ «չի ցանկանում լինել Արևմտյան դաշինքի կազմում» և մտադիր է ընդդիմանալ այդ դաշինքին՝ պատրաստ լինելով վճարել դրա գինը։
Նյութը պատրաստվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Ռադիո Ֆարդա»-ի Ռոյա Քարիմի Մաջդի թղթակցմամբ: