Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Սպիտակ տանը «նախապես հանդիպումները նախատեսված չէին», և հընթացս հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
«Կազմակերպվեց հանդիպումը, այսպես ասած, չնախատեսված կարգով։ Բավական երկար է տևել», - այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց նա:
Վարչապետի փոխանցմամբ՝ հանդիպումը «1+3 ձևաչափով» է եղել, այսինքն՝ տետատետ խոսակցություն չի եղել, պատվիրակության անդամներից ևս ներկա են գտնվել։ Ըստ Փաշինյանը՝ հայկական կողմից ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է մասնակցել, կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, իր մամուլի խոսնակը:
«Հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել, և ընդ որում, տեղի է ունեցել շատ իրենց համար խառը միջավայրում։ Մենք բարձր ենք գնահատում, որ այդ պայմաններում երկուստեք ձևավորվել է հընթացս հետաքրքրություն՝ նման հանդիպում անցկացնելու։ Ես գնահատում եմ շատ կարևոր և շատ արդյունավետ», - ասաց վարչապետ Փաշինյանը, որ ԱՄՆ-ում էր փետրվարի 3-7-ը՝ մասնակցելու 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։
Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, փետրվարի 7-ին տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի հետ։ Այդ մասին հաղորդել էր Հայաստանի կառավարությունը՝ սահմանափակվելով մեկ նախադասությամբ`«քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»։