Երևանի ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ դահլիճում վեճ սկսվեց:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու անդամ Արտակ Գալստյանի ելույթի ընթացքում տեղից բղավող «Մայր Հայաստան» խմբակցության մի քանի անդամներին նկատողություններ հայտարարեց:
«Շատ եք լոճվում, մեր համեստությունն ու զսպվածությունը չարաշահում եք: Նրանք, որ կարծում են՝ իրենց քուչում են, էսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա ձեր չափերը ճանաչեք: Ձեր վերջին նախազգուշացումն է», - ասաց նա:
Երևանի ավագանին ավելի վաղ հաստատել էր չզեկուցվող հարցերի փաթեթը: Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին նախագծերը դարձնել զեկուցվող, նշելով, որ դրանք ներառում են նաև «կարմիր գծերի» և տրանսպորտին առնչվող վճարները: Քաղաքապետը նշեց, որ տեղական տուրքերի և վճարների մասով որևէ փոփոխություն չի եղել, կարիքը չկա փաթեթը դարձնել զեկուցվող:
«Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» խմբակցության անդամները նաև իրար մեղադրեցին իշխանականների ներկայացրած օրակարգը հաստատելուն աջակցելու համար: Նախագծերից մեկով, օրինակ, մեքենաների կարմիր գծերի տարեկան վճարը նույնը մնաց, չնայած դատական երկու ատյանները թանկացումը իրավաչափ չեն համարել:
Նիստի օրակարգում 31 հարցից միայն 4-ն էին զեկուցվող:
Փաթեթն ամբողջությամբ ընդունվեց։
Այսպիսով, վարորդները եկող տարի էլ կշարունակեն կարմիր գծերում մեքենաները կանգնեցնելու համար 13 անգամ թանկ վճարել: Նախկին 12 հազար դրամի փոխարեն, Երևանի կենտրոնում՝ Ա գոտում, ուժի մեջ կմնա տարեկան 160 հազար դրամը, Բ գոտում՝ 24 հազարը: Տրանսպորտի 150 դրամ ուղեվարձն էլ նույնը կմնա, իսկ երևանցիներն աղբահանության դիմաց ոչ թե ըստ բնակիչների քանակի, այլ բնակարանի մակերեսով կշարունակեն վճարել՝ 1 քառակուսի մետրի դիմաց՝ 13 դրամ:
Ավելի մանրամասն՝ այստեղ