Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարեց նախկին բարձրաստիճան զինվորականի փաստաբանների միջնորդությունն ու կալանքը փոխարինեց գրավով և չբացակայելու արգելքով: Տիրան Խաչատրյանի պաշտպանները միջնորդությունը ներկայացնելիս պնդեցին, թե իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա:
Մեղադրող կողմը, մինչդեռ, առաջարկում էր ևս երեք ամսով երկարաձգել Խաչատրյանի կալանքը: Նախաքննությունն ավարտվել է, և գործն այժմ դատարանում է, բայց դատախազը դեմ էր անգամ տնային կալանքին՝ պնդելով, թե կա վտանգ, որ Խաչատրյանը կազդի վկաների վրա:
Տիրան Խաչատրյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում իրեն վստահված բնագծի պաշտպանությունը ձախողելու համար: Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում:
«Այն, ինչ հնարավոր է եղել այդ իրավիճակում իրականացնել, նույնիսկ ավելին է իրականացվել, ոչ թե նույնիսկ այլ շատ ավելին: Ինչ պնդում են իրավապահները՝ իրենց մոտեցումն է», - ասաց նախկին պաշտոնյան:
Մինչդեռ, ըստ մեղադրանքի, 53-ամյա գեներալ-լեյտենանտը 2020 թվականի ռազմական դրության ընթացքում, նշանակված լինելով զորքերի հարավային խմբավորման հրամանատար, հոկտեմբերի 7-17-ը անփույթ վերաբերմունք է դրսևորել, չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Խաչատրյանն, ի դեպ, հենց այս գործողությունից երեք օր անց վարչապետ Փաշինյանի առաջարկով արժանացել էր Ազգային հերոսի կոչման:
Խաչատրյանի գործը դատարան հասավ այս տարի՝ շուրջ 5 տարվա քննությունից հետո: Մեկուկես ամսվա կալանքից հետո բանտից դուրս եկած Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ուղիղ չասաց՝ համարո՞ւմ է, որ իր մեղադրանքն ունի քաղաքական երանգ, ինչպես իր համախոհներն են պնդում:
Մինչ Խաչատրյանի կալանքի միջնորդության քննելը պաշտպանական կողմը ևս մի հարցի շուրջ էր փորձում պարզել դատավորի և մեղադրող կողմի դիրքորոշումը. փաստաբանները հարցնում էին՝ ենթադրյալ հանցագործությունը ո՞ր երկրի տարածքում է տեղի ունեցել: Մեղադրական եզրակացության մեջ նշված է Լեռնային Ղարաբաղ, այս դեպքում դատարանը իրավասո՞ւ է քննել այլ երկրի տարածքում տեղի ունեցած հանցագործությունը:
Դատավորը հարցին չանդրադարձավ, բայց դատախազը, հղում անելով ՄԻԵԴ որոշումներին, պնդեց, թե դատարանն իրավունք ունի քննել Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 10-ին: