Մատչելիության հղումներ

«Միայն իրենց շահերն են առաջ տալիս». կաշառք՝ Դեբեդ գետից վերցրած ջրի նմուշները կեղծելու դիմաց


Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարը, արխիվ
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարը, արխիվ

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենն իր աշխատակցի միջոցով կաշառել է ընկերություն ստուգման եկած տեսուչին Դեբեդ գետից վերցրած ջրի նմուշները կեղծելու դիմաց: Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցը գումար և բենզինի կտրոններ է ստացել, որպեսզի նա գետի տարբեր հատվածներից վերցված իրական նմուշները փոխի կեղծ նմուշներով։

«Տնօրենը աշխատակցին հանձնարարել է պայմանավորվածություն ձեռք բերել տեսուչի հետ՝ վերցված նմուշները կաշառքի դիմաց փոխելու վերաբերյալ: Տեսչական մարմնի պաշտոնյան, թափել է Դեբեդ գետի տարբեր հատվածներից նախօրոք վերցված նմուշները և դրա փոխարեն ընկերության աշխատակցի մատնանշված վայրից վերցրել նոր նմուշներ», - նշված է հայտարարությունում:

Փոխարինված նմուշների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Դեբեդ գետի ջուրը միջին որակի է ու այն կարող է օգտագործվել ոռոգման նպատակով, ասված է Հակակոռուպցիոնի հաղորդագրության մեջ:

Թե՛ ընկերության տնօրենը, թե՛ կաշառքի համար միջնորդ դարձած աշխատակիցը, ու թե՛ Դեբեդի աղտոտվածությունն ստուգող բնապահպան-տեսուչը մեղադրվում են կաշառք տալու և ստանալու հոդվածներով: Իրավապահ մարմինը հաղորդում է, որ նրանց վերաբերյալ նախաքննությունն արդեն ավարտվել է ու գործն ուղարկվել է դատարան:

Մեղադրյալներից տեսուչը տնային կալանքի տակ է, մյուսները՝ ազատության մեջ:

Ախթալայի լեռնահարստացուցման կոմբինատի հեռախոսահամարներով այսօր չպատասխանեցին մեր զանգերին: Ընկերության արտաքին կապերի բաժնի ղեկավար Գագիկ Շահնազարյանն էլ հրաժարվեց մեկնաբանել իրավիճակը՝ պատճառաբանելով, թե տեղյակ չէ մեղադրանքներից և, անգամ, չի կարդացել Հակակոռուպցիոնի հաղորդագրությունը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ևս պարզաբանումներ չտվեցին: Հղում արեցին իրավապահների հայտարարություններին՝ նշելով, որ այլ բան ավելացնել չեն կարող:

Բնապահպանները հաճախ են ահազանգում, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն իր արտանետումներով պարբերաբար աղտոտում է Դեբեդ գետը, բայց դրանք կամ անարձագանք են մնում, կամ էլ հանգուցալուծվում են փոքր չափի տուգանքներով:

Դեռ 6 տարի առաջ հանքից խոշոր արտահոսք էր եղել ու մոխրագույն զանգվածը հասել Ախթալայի դպրոցի տարածք, որտեղ օրեր շարունակ սուր հոտ էր տարածված, իսկ հարակից ծառերը տարօրինակ նյութով էին պատվել։ Բայց պետությունը սահմանափակվել էր 200 հազար դրամ տուգանքով։
Իսկ քրեական վարույթից, թեև արդեն երեք տարի է անցել, իրավապահ մարմինները հայտնում են, թե փորձաքննություն է նշանակված ու գործը նախաքննությունից այն կողմ չի անցնում:

Բնապահպան Օլեգ Դուլգարյանը, որ բազմաթիվ տեսանյութեր է տարածել՝ ինչպես է գետի գույնը փոխվել հանքի ու ֆաբրիկայի արտանետումների հետևանքով, հանդիպել էր հանքի պոչամբարին կից բնակավայրերի բնակիչներին ու լսել նրանց մտահոգությունները՝ թե ոռոգման սեզոնին դարձյալ կտուժեն հանքարդյունաբերող ընկերության գործունեության հետևանքով: Ըստ բնապահպանի, կաշառքի գործն ապացուցում է իրենց վաղեմի կասկածները, թե բնությանն ու բնակիչներին հասցված վնասները տարիներ շարունակ կոծկվել են:

«Ամբողջ խնդիրն այստեղ այն է, որ պատասխանատվությունից խուսափեն, միայն իրենց շահերն են առաջ տալիս: Ցավալի է, որ մենք ունենք նաև պետական մարինների, համապատասխան տեսչական մարմինների ներկայացուցիչների անմիջական ներգրավվածություն տվյալ դեպքով», - նշեց բնապահպանը:

Դուլգարյանի ղեկավարած «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոնն» անգամ միջազգային անկախ փորձաքննություն էր պատվիրել՝ չափելու Ախթալայում և հարակից բնակավայրերում հանքարդյունաբերության ազդեցությունը։ Միջազգային փորձագետներն անթույլատրելի չափի վնասակար նյութեր էին հայտնաբերել հողում, ջրում ու մարդկանց արյան մեջ:

Անցած տարի այս հետազոտության հիման վրա Ախթալայի ու հարակից գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ դատի էին տվել Ախթալայի հանքարդյունաբերող ընկերությանը իրենց առողջական ու տնտեսական վնասներ պատճառելու համար: Դատարանը դեռ քննում է գործը:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG