Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը խոսում է բանակցային գործընթացի ձախողումից, Փաշինյանն՝ արձագանքում


44-օրյա պատերազմի առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը, երկրորդ հանգամանքն այն էր, որ բանակցողները ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին, այս երկուսը բերեց նրան, որ բանակցային գործընթացը դադարեց, - այս մասին յութուբյան փոդքասթի ընթացքում հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը, պատերազմ սկսելու նախաձեռնությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավական ընկել էր։ Այս երեք պատճառներն էին, որ սկսվեցին ռազմական գործողությունները: Արդյոք դա անխուսափելի էր, միանշանակ՝ ոչ, անխուսափելի չէր, այդպիսի արդյունքը կանխատեսելի էր, թե՞ ոչ, ապա մինչև 2018 թվականը միանշանակ կանխատեսելի չէր, բայց ես արդեն18-ի երկրորդ կեսին, 19 թվականին մեր զինված ուժերում տեսնում էի խնդիրներ, 20-ին համոզվում էի ու ես հայտարարեցի, որ ռազմական գործողությունները շատ են մոտեցել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Այս հայտարարությունից հետո՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյությում խոսել է այն մասին, թե ինչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար. «Դրա համար հարկավոր էր մի բան, որպեսզի մենք Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ դա գործնականում անհնար էր, ինչու, որովհետև 90-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը և Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունն իրարից հեռացել էին և ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջև: Այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհտեև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18, 19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն էր, որ ես դա չեմ արել», - ասել է Փաշինյանը, նշել նաև, որ բանակցային պատմության առանցքային թղթերը մինչև տարեվերջ կհրապարակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG