Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ, արխիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ, արխիվ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացնելուց չորս ամիս անց դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին: Բարձրագույն դատական խորհուրդը դատաքննության ընթացքում միաձայն որոշել է, որ դատավորը էական կարգապահական խախտում է թույլ տվել։

ԲԴԽ նախագահն այսօր հակիրճ հիմնավորեց, թե Միսակյանը թերացել է իր վարույթում եղած քրեական գործի ընթացքում:

«Փորձաքննություն նշանակելու և վկաներ հարցաքննելու անհրաժեշտության բացակայության պայմաններում ընդամենը մեկ գործողություն պահանջող, մեկ մեղադրյալ հարցաքննելու համար նշանակել է 18 դատական նիստ, որոնցից 14-ը հետաձգել է: Արդյունքում գործը քննել է երեք տարուց ավելի ժամկետով, չի պահպանել առանց արդարադատության շահերին վնասելու, ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցը քննելու ու լուծելու վարքագծի կանոնը», - ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր Արդարադատության նախարարության միջնորդությունից հետո և վերաբերում էր ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի քրեական գործին:

44-օրյա պատերազմից հետո իշխանության հեռացման պահանջով փողոցային պայքարի ելած Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։

Դատավոր Վահե Միսակյանը, գործը ստացել է 2021-ի մարտին, բայց քննությունն ավարտել և դատավճիռ հրապարակել է երեք տարի անց՝ 2024-ի հունիսին: Նախարարության միջնորդության համաձայն՝ դատավորը խախտել է դատավարական ժամկետները: Ինքը՝ Միսակյանը, այսօր հրաժարվեց մեկնաբանել իր լիազորությունները դադարեցնելու որոշումը: Իսկ գործի քննության ընթացքում միայն պնդել էր, թե ձգձգելու որևէ միտում չի ունեցել:

«Ո՞րն էր դիտավորությունը 6 դատական նիստերը հետաձգելուն նպաստելու, խոչընդոտող հանգամանքներ կանխամտածված ստեղծելու համար: Ես այդպես էլ չտեսա միջնորդության մեջ շարժառիթի մասին որևէ հիմնավորում: Որովհետև եթե խոսվում է դիտավորությամբ որևէ գործողության մասին, դիտավորությունը պետք է ունենա շարժառիթ, սա քրեական իրավունքում հայտնի ինստիտուտ է», - նշել է նա:

Բարձրագույն դատական խորհուրդը վերջին վեց տարում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով 17 դատավորի լիազորություն է դադարեցրել։ Մոտ երեք ամիս առաջ էլ նախկին ՔՊ-ական, այժմ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը դատավորի պաշտոնից հեռացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած Աննա Դանիբեկյանին:

XS
SM
MD
LG