Մատչելիության հղումներ

Ուկրաինայում F-16-ները կոչնչացվեն այնպես, ինչպես ոչնչացվում է արևմտյան այլ տեխնիկան. Լավրով 

F-16 տեսակի մարտական օդանավ, արխիվ
F-16 տեսակի մարտական օդանավ, արխիվ

Մոսկվան F-16 ինքնաթիռների փոխադրումն Ուկրաինա կդիտի իբրև միջուկային ոլորտում ՆԱՏՕ-ի կողմից կանխամտածված քայլ: Այդ կարծիքը «Ռիա Նովոստի» ռուսական լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նրա փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն F-16 տեսակի օդանավեր բազմիցս կիրառել է դաշինքի համատեղ միջուկային առաքելությունների շրջանակներում։

«Ուստի մենք չենք կարող չընկալել այդ սպառազենի մատակարարումը Կիևի ռեժիմին որպես ՆԱՏՕ-ի կանխամտածված ազդանշանային գործողություն միջուկային ասպարեզում։ Նրանք մեզ հասկանալ են տալիս, որ Ուկրաինայում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են բառացիորեն ամեն քայլի»,- ընդգծել է Լավրովը։

Միաժամանակ նա պնդել է, թե F-16-երի մատակարարումը որևէ ազդեցություն չի գործի ռազմադաշտում ստեղծված իրավիճակի վրա, և «դրանք կոչնչացվեն այնպես, ինչպես ոչնչացվում է արևմտյան այլ տեխնիկան»:

Reuters լրատվական գործակալությունը մայիսի 10-ին հայտնել է, որ Ուկրաինան առաջին F-16 կործանիչները կստանա այս տարվա հունիսին կամ հուլիսին։ Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Բելգիան ավելի վաղ խոստացել են այդ տեսակի կործանիչներ ուղարկել Ուկրաինա։

The New York Times ամերիկյան օրաթերթի տվյալներով, Ուկրաինան այս ամռանը կստանա առնվազն վեց այդպիսի կործանիչ։

XS
SM
MD
LG