Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր ժամանել է Հայաստան։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետի մոտ Սերդար Քըլըչին ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Թե կոնկրետ որտեղ է տեղի ունենում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, ԱԳՆ խոսնակը խոստացավ տեղեկացնել:
Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ողջ օրակարգը: