Սերբական հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանումը Չինաստանում ավարտել է համատեղ վարժանքները չինական ստորաբաժանման հետ՝ չնայած Եվրոպական միության և ԱՄՆ-ի հակազդեցությանը։
Հուլիսի 19-ից 28-ն անցկացված վարժանքները տեղի են ունեցել Հեբեյ նահանգում՝ Սերբիայի՝ ԵՄ անդամակցությանը միտված ձգտումների, Չինաստանի և Ռուսաստանի հետ սերտ կապերի պահպանման փորձերի ֆոնին։
«Վարժանքներն օգնեցին ուժեղացնել ռազմական համագործակցությունը և բարձրացնել մարտական խմբերի համատեղելիությունը՝ միջազգային միջավայրում օպերացիաներ իրականացնելու տեսանկյունից», - հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը։
Սերբիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վարժանքներին մասնակցել են խառը մարտական խմբեր, որոնք կատարել են մարտավարական առաջադրանքներ քաղաքային և գյուղական պայմաններում՝ օգտագործելով անօդաչու սարքեր։
Սա առաջին համատեղ ռազմական վարժանքն էր Սերբիայի և Չինաստանի միջև, ինչպես նաև առաջինը՝ Չինաստանի և ԵՄ թեկնածու երկրի միջև։
Վերջին տարիներին Սերբիան ընդլայնել է ռազմական համագործակցությունը Չինաստանի հետ՝ այդ թվում՝ ձեռք բերելով FK-3 հակաօդային պաշտպանության համակարգը։
Սերբիայի բարեկամական քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ բացասական արձագանք է ստացել Բրյուսելից, որը մի քանի անգամ զգուշացրել է Բելգրադին։
Բրյուսելը և Վաշինգտոնը բազմիցս մտահոգություն են հայտնել Սերբիայի՝ ռուսական և չինական զենքերի գնման կապակցությամբ, հատկապես 2022թ. փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։