Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլ Սարկոզին, որ ազատազրկման է դատապարտվել անցած ամիս, բանտում պատիժը կկրի անձնական թիկնապահների պաշտպանության ներքո, տեղեկությունը հաստատել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Պաշտոնյան նշել է, որ նախկին նախագահի երկու թիկնապահները կշարունակեն ծառայությունը բանտում, որտեղ Սարկոզին պատիժը կկրի Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիից միլիոնավոր եվրոների ապօրինի ֆինանսավորում ստանալու գործով մեղավոր ճանաչվելուց հետո:
Տարիներ ձգված դատավարության արդյունքում 70-ամյա նախկին նախագահը անցած ամիս հինգ տարվա ազատազրկման դատապարտվեց, բայց` պայմանական, ընդ որում` սահմանված մեկամսյա կալանքի ժամկետներն ինքը Սարկոզին կարող էր ընտրել, այդպիսով դառնալով ոչ միայն Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ, այլև Եվրամիության անդամ պետության առաջին նախկին առաջնորդը, որը ճաղերի ետևում է հայտնվել։
Ելիսեյան պալատի նախկին ղեկավարի հետ բանտում իրենց աշխատանքը շարունակող թիկնապահները պետական ծառայողներ են, որոնք կոչված են պաշտպանելու պաշտոնաթող նախագահին հնարավոր սպառնալիքներից, ընդ որում, ինչպես փաստեց ֆրանսիական օրենքը՝ ոչ միայն ազատության, այլև անազատության մեջ, այս դեպքում՝ նախկին նախագահի խցի հարևանությամբ գտնվող խցում:
Բանտի ղեկավարությունը, սակայն, այս աննախադեպ իրավիճակը՝ թիկնապահների ներկայությունը իրենց աշխատավայրում վիրավորանք է որակել՝ նախ և առաջ տեղում ծառայություն իրականացնող մասնագետների հանդեպ:
«Նրանք, ըստ էության, մեզ ասում են, որ մենք չգիտենք ինչպես կատարել մեր աշխատանքը», - RTL ռադիոյին ասել է UFAP UNSa Justice արհմիության ղեկավար Վիլֆրիդ Ֆոնկը, - «Այսօր մենք բանտում ունենք երկու քաղաքացիական անձ, որոնք չպետք է այնտեղ լինեին և ովքեր չգիտեն, թե ինչպես է համակարգը գործում։ 25 տարվա իմ աշխատանքի ընթացքում ես երբեք նման բան չեմ տեսել»:
Սարկոզին պատիժը կրում է Փարիզի «Լա Սանտե» բանտում՝ հատուկ մասնաշենքում, որը բաղկացած է մենախցերից՝ անվտանգության նկատառումներով պայմանավորված։ Բանտի ղեկավարությունից ֆրանսիական լրատվամիջոցներին փոխանցել են, որ երկրի նախկին առաջնորդը բանտում այլ կալանավորների հետ չի հանդիպի, կունենա օրական մեկ ժամ զբոսնելու իրավունք և իրեն շաբաթական երեք այցելության հնարավորություն:
Le Figaro-ն գրում է, որ այս կալանավայրում վերջերս վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, բոլոր խցերում, որոնց մակերեսը 9-12 քառակուսի մետր է, կա բաղնիք, գործում է նաև հեռախոս, բայց՝ վճարովի հիմունքներով՝ 20 րոպեն 110 եվրո արժե: 14 եվրոյով Սարկոզին կարող է նույնիսկ հեռուստացույց դիտել, ավելին՝ ցանկության դեպքում կարող է իր ճաշն ինքը պատրաստել, ինչպես նաև գրադարանից օգտվել։ Այս վերջին արտոնությունից նախկին նախագահը չի օգտվի՝ նա Le Figaro-ին ասել է, որ երեք գիրք է իր հետ տանելու կալանավայր, այդ թվում` Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո»-ն՝ անարդարացիորեն ազատազրկված հերոսի մասին վեպը:
Մեղքը չընդունող նախկին առաջնորդը երեկ բանտի ճանապարհին X-ում գրառում էր արել՝ հայտարարելով, որ անմեղ է, վրեժխնդրության ու ատելության զոհ:
«Ինձ բնորոշ անսասան ուժով ուզում եմ ֆրանսիացի ժողովրդին ասել, որ այսօր առավոտյան բանտ կնստի ոչ թե հանրապետության նախկին նախագահը, այլ անմեղ մարդը», - գրել էր Սարկոզին:
Մեղադրող կողմը պնդում է, որ 2000-ականներին նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ Սարկոզիի շտաբն ապօրինի ճանապարհով շուրջ 50 միլիոն եվրո է ստացել Լիբիայի բռնապետից, ում իշխանության գալուց հետո Սարկոզին հնգօրյա ճոխ ընդունելության էր արժանացրել Փարիզում՝ թույլ տալով, որ նա իր հայտնի վրանը բացի Ելիսեյան դաշտերում, ինչպես նաև աջակցել էր հյուսիսաֆրիկյան հանրապետությանը միջազգային մեկուսացումից ազատվելու հարցում։
Քաղաքական ու կոռուպցիոն այս սկանդալը պայթեց 2011 թվականին, երբ լիբիական պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ անձամբ Քադաֆին, հայտարարեցին, որ Տրիպոլին գաղտնի կերպով միլիոնավոր եվրոներ է ուղղել Սարկոզիի 2007 թվականի նախընտրական քարոզարշավին, հետագայում էլ այլ պաշտոնյաներ, գործարարներ հայտնվեցին, որոնք արդեն մանրամասներ էին պատմում Փարիզ-Տրիպոլի կասկածելի շփումների մասին: Լիբանանյան ծագումով ֆրանսիացի մեծահարուստ Զիադ Թաքիեդին, մասնավորապես, հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ ինքն անձամբ առնվազն երեք անգամ Լիբիայից ճամպրուկներով միլիոններ է բերել Փարիզ ու փոխանցել Սարկոզիին և նրա օգնականներին:
Այս գործով մեղավոր ճանաչվելուց հետո և բանտ ներկայանալուց առաջ նախկին նախագահ Սարկոզին Ելիսեյան պալատում էր հյուրընկալվել՝ նախագահ Էմանյուել Մակրոնի կողմից, վերջինս հայտարարել է, որ ցանկանում էր աջակցել «նման հանգամանքներում հայտնված իր նախորդին»։
Հոկտեմբերի սկզբին Elabe գործակալության կողմից անցկացված հարցման համաձայն՝ ֆրանսիացիների 58 տոկոսը Սարկոզիի դատավճիռը համարում է անաչառ, իսկ 61 տոկոսը կողմ է նրան բանտում պահելու գաղափարին։