Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիևում ՀՀ խորհրդարանի անունից իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի անդամներին «երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար», փոխանցում են ԱԺ-ից:
Ըստ հաղորդագրության՝ ԱԺ իշխանական պատգամավորը Կիևում է՝ մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին: Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ առանձնազրույցի ընթացքում Սարգիս Խանդանյանը շեշտել է միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարևորությունը:
Ուկրաինացի պաշտոնյան ևս, ողջունելով Սարգիս Խանդանյանի այցն Ուկրաինա, կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը:
ԱԺ պատգամավորն Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի մանրամասները, կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Ռուսլան Ստեֆանչուկը, կարևորելով տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդումը, իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանն ու ժողովրդավարական զարգացման ուղուն:
Նախորդ ամռանը Շվեյցարիայում «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» Հայաստանից մասնակցեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Շվեյցարիայում Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր էր ընդունվել, որը, սակայն, Հայաստանը չի ստորագրել։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանը 2023-ի սեպտեմբերին առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մոսկվան ի գիտություն ընդունեց Երևանի դիրքորոշումը։