Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում ինքնասպան է եղել Բորիս Ավագյանը. РИА

Լրացված

Սանկտ Պետերբուրգի դատարանից նախօրեին փախուստի դիմած Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսարանում, РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմինները:

Նախօրեին Սանկտ Պետերբուրգի դատարանների Միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևան գործակալությանը հայտնել էր, որ «Ռոսրեեստր»-ի Սանկտ Պետերբուրգի վարչության ղեկավարի նախկին տեղակալ Ավագյանը փախել է Կրոնշտադտի շրջանային դատարանի շենքից, որտեղ նրան տեղափոխել էին խափանման միջոց ընտրելու համար: Դատախազությունը միջնորդել էր նրան կալանավորել ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով:

«Փաստինֆոն» նախօրեին գրել էր, որ Ավագյանն իրենց հետ կապ է հաստատել՝ ասելով, որ կամավոր ցանկանում է արտահանձնվել Հայաստանին:

Տելեգրամ ալիքներում հայտնված տեսաուղերձում Ավագյանը հայտարարել է, որ եկել է հյուպատոսություն, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստանում իր նկատմամբ հարուցված գործով: Նա դժգոհել է, որ հյուպատոսությունը չի ցանկանում ընթացք տալ գործընթացին։

Ավագյանը 2021 թվականին ներգրավված է եղել Ռուսաստանում մաքսատուրքերի չվճարման հետ կապված գործում և ձերբակալվել։ Նա նաև հայտարարել էր, որ Փաշինյանի գիտությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին օգնել է արտահանման ժամանակ մաքսային մեքենայություններ անել:

Հիշեցնենք՝ Ավագյանը 2021-ին գերիների վերաբերյալ խորհրդարանում կազմակերպված քննարկումից ժամեր անց ազատվել էր պաշտոնից։

ԱԻՊԾ-ն պարզաբանել էր, որ Բորիս Ավագյանին հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն էր և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG