Մատչելիության հղումներ

Սամվել Մայրապետյանի արդար դատաքննության իրավունքը խախտվել է. դատախազությունը վերաքննիչի հետ համաձայն չէ

Լրացված

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանի գործով դատախազությունը վճռաբեկ է դիմել։ Համաձայն չեն վերաքննիչի որոշման հետ, որը բեկանել է հետախուզվող գործարարից 4 միլիարդ դրամ գանձելու վճիռը։ Վերաքննիչն արձանագրել է, որ խախտվել է Մայրապետյանի արդար դատաքննության իրավունքը։

Ամիսներ առաջ՝ ապրիլին, Հակակոռուպցիոն դատարանը հաստատված էր համարել դատախազության կասկածները, որ 18 տարի առաջ՝ Քոչարյանի օրոք, նրա մտերիմ գործարարը մայրաքաղաքի սրտում կառուցած նորակառույցի բնակարանների քառակուսի մետրը վաճառել է ոչ ավելի, ոչ պակաս 66 հազար դրամով։

«Սամվել Մայրապետյանը «Գլոբուս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է Երևան քաղաքի Տերյան 66 հասցեի բնակարանների շուկայական արժեքները առուվաճառքի պայմանագրերում էականորեն ցածր գներով նշելը ու այդպիսով առանձնապես խոշոր չափերով հարկ վճարելուց խուսափելը: Ստացված տվյալների համաձայն՝ 2006 թվականի դրությամբ այդ նույն բնարականների կամ ոչ բնակելի տարածքների շուկայական արժեքներն էականորեն ավելի բարձր են եղել: Այդպիսով դա վկայում է այն մասին, որ Սամվել Մայրապետյանի գործողությունները ուղղված են եղել հարկ վճարելուց խուսափելուն», - Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ֆիլիանա Բելլույանն էր ավելի վաղ «Ազատությանը» պատմել իրենց այս բացահայտման մասին։

Իրավապահները պնդում էին, որ 141 գույք, այդ թվում՝ ավտոկայանատեղիներ ու ոչ բնակելի տարածքներ վաճառելիս Մայրապետյանը կեղծել է պայմանագրերը, դրանցում շուկայականից 11 անգամ էժան թիվ են նշել, բայց իրականում այդ բնակարաններն ու տարածքները ավելի թանկ գնով են վաճառել։ Սա արել են, որ քիչ հարկ վճարեն, այդպիսով՝ պետությանը մեծ վնաս են հասցրել։

Մայրապետյանը հերքել է այդ պնդումները։ Վճիռը բողոքարկած Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ վերաքննիչն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը Մայրապետյանին ու նրա նախկին աշխատակցին հնարավորություն չի տվել ապացույցներ ներկայացնել, վկաներ բերել։ Դատախազությունը դժգոհ է, որ վերաքննիչը չի անդրադարձել մի կարևոր հարցի՝ Մայրապետյանն իսկապե՞ս Կենտրոնի բնակարանները վաճառել է կոպեկներով ու կեղծիքներով։

«Մենք բազմիցս ասել ենք, որ քննությունը սխալ է անում»

Մայրապետյանի փաստաբաները հրաժարվեցին հարցազրույցից։ Իսկ գործարարի նախկին աշխատակցի փաստաբան Վարազդատ Հարությունյանը մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ դատավոր Կարապետ Բադալյանն իսկապես թույլ չի տվել, որ ապացույցներ ու վկաներ բերեն դատարան. - «Մենք առաջին ատյանում բազմիցս ասել ենք, որ քննությունը սխալ է անում, իրեն թվում էր, որ ինքը քննությունը ճիշտ է անում, բայց փաստորեն մեզ էր ճիշտ թվում, որ քննությունը սխալ է անում, այսինքն՝ ապացույցները չի հետազոտել, միջնորդություններ են ներկայացվել մեր կողմից վկաներ լսելու, մերժվել են, որովհետև պրոբլեմ են ունենալու, դատական ակտ չեն կարողանալու կայացնել»։

Դատական գործի նյութերում, ի դեպ, նշվում է, որ 2006-ին այս շենքում բնակարաններ են գնել նախկին իշխանավորներն ու նրանց հարազատները։ Օրինակ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դուստրը, երկրորդ նախագահի որդին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Նարեկ Սարգսյանն ու այլք։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին շինարարական բիզնես ծավալած Մայրապետյանը մեղադրայլի աթոռին է 2018-ից։ Բացի այս գործից, իրավապահները նաև պնդում են Մայրապետյանը 3 միլիոն դոլար կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանի, որ փոխանցի նախագահ Քոչարյանին, նաև օժանդակել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավարը կաշառք օրինականացնի։

Մեղքը չընդունող 64-ամյա Մայրապետյանը 2019-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվեց Գերմանիա ու չվերադարձավ, այժմ հետախուզվում է։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ հնչեղ գործերով խոշոր հաղթանակներ չկան

Վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ Ֆեյսբուքում անդրադարձել էր իրեն ուղղված բողոքներին, թե այդպես էլ չկատարեց խոստումն ու նախկինների թալանածը չվերադարձրեց պետությանը։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը շարունակում է պնդել՝ հնչեղ գործերով խոշոր հաղթանակներ չկան. - «2018-2022- վերականգնված դրամական միոջոցների ծավալը հիմնականում չի գերազանցել պետությանը պատճառված վնասի անգամ մեկ տոկոսը»։

Իրավապաշտպանը վկայակոչում է վերջերս Գլխավոր դատախազության հրապարակած վիճակագրությունը. ըստ այդմ՝ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի նոյեմբերը պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցները մի փոքր ավելի են 30 միլիոն դոլարից։ Սա, սակայն, իրավապաշտպանները բավարար չեն համարում։

XS
SM
MD
LG