Հինգ ամիս անազատության մեջ գտնվող գործարար, Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանների բողոքը և կալանքի որոշումն անփոփոխ թողել։ Քննչական կոմիտեն, իր հերթին, միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ երկարաձգելու Կարապետյանի կալանքը:
«Իրենք նոր միջնորդությամբ դիմել են դատարան, որպեսզի երկարացնեն Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու ժամկետը: Մենք դա դարձյալ բացարձակ ապօրինությունների շարքից ենք համարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործարարի փաստաբաններից Արմեն Ֆերոյանը:
Փաստաբանը փոխանցեց, որ կալանքը երկարաձգելու որոշումը կբողոքարկեն նաև Վճռաբեկ դատարանում, թեև այս ատյանից էլ մեծ ակնկալիքներ չունեն, բայց պայքարելու են, մինչև հասնեն արդարադատության:
«Հաշվի առնելով դատական համակարգի նկատմամբ մեր պատկերացումները, որ գործ ունենք բացարձակ քաղաքական հետապնդման հետ, ակնկալիքներ, կարելի է ասել, չունենք, զրոյականին մոտ են, էլի, Վճռաբեկ դատարանից մեր ակնկալիքները: Հիմա տեսնենք, թե առաջին ատյանի դատարանն այս պայմաններում ինչ որոշում կկայացնի; Եթե մի փոքր օբյեկտիվություն փորձեն դատարանները ցուցաբերել, օր առաջ Սամվել Կարապետյանը պետք է գտնվի ազատության մեջ, քանի որ իր նկատմամբ իրականացված այս խափանման միջոցը կրում է բացարձակապես ապօրինի բնույթ», - ասաց Ֆերոյանը:
Մի միջնորդությունն էլ Դատախազությունն էր ներկայացրել։ Իրավապահների պահանջն էր, որ արձանագրվեր Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքներով հիմնավոր կասկածը։ Վերաքննիչ դատարանը, սակայն, անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որը կասկած չէր տեսել:
60-ամյա Կարապետյանին հունիսին կալանավորեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, երբ նա եկեղեցին իր ձևով պաշտպանելու մեկնաբանություն արեց: Հետո ավելացրին փողերի լվացման մեղադրանքը, բայց դատարանն արձանագրեց, որ այս մասով հիմնավոր կասկած չկա: Թե կոնկրետ տնտեսական ու ֆինանսական ինչ սխալներ է թույլ տվել գործարարը, Քննչականը չի մանրամասնում:
Փաստաբան Ֆերոյանի գնահատմամբ՝ իրավապահները պարզապես փորձում են տնտեսական բնույթի մեղադրանքերով ծանրացնել Կարապետյանին մեղսագրվող հանցանքը. - «Լրիվ, բացարձակապես ապօրինի տնտեսական մեղադրանքներ բերել Սամվել Կարապետյանին, այսպես ասած, կապելով՝ փորձում են ի ցույց դնեն դատարանին, նաև՝ հանրությանը, որ գործ ունենք ծանր հանցագործության հետ, և պետք է իր կալանքը երկարացվի; Բայց մենք արդեն չորս դատական ակտեր ունենք առանձին՝ երկու հատ առաջին ատյանի, երկու հատ վերաքննիչ ատյանի դատական ակտեր ունենք, որոնցում ուղղակիորեն հիմնավորվել և հաստատվել է, որ այդ արարքներում վերջինիս առնչությունը անգամ մեղսագրվող արարքին բացակայում է, այսինքն՝ հիմնավոր կասկածը բացարձակ գոյություն չունի»:
«Թե հիմա Վճռաբեկ դատարանը ինչ գյուտարարությամբ, այսպես ասած, հանդես կգա և ինչ ապօրինի որոշումներով հանդես կգա, այս պահին դա դժվար է կանխատեսել», - հավելեց փաստաբանը:
Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Հակակոռուպցիոն դատարանում։
Forbes-ի ցանկով միլիարդատերը Հայաստանում քաղաքական հայտ ներկայացրեց կալանավորումից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայության նկուղից հայտարարություն տարածեց Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մտադրության մասին։ «Մեր ձևով»-ը դեռևս շարժում է, հունվարին կդառնա կուսակցություն: Երկքաղաքացի Սամվել Կարապետյանը, սակայն, չի կարող լինել վարչապետի թեկնածու։