Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող գործարար Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կանցկացնի բանտում: «Տաշիր գրուպի» սեփականատերն այս անգամ էլ է դատարանում պնդել՝ մեղավոր չէ, դատավորի որոշումից հետո լրագրողներին փոխանցեց փաստաբան Լիանա Գասպարյանը:
«Բնականաբար, պարոն Կարապետյանը հայտնեց, որ որևէ առնչություն չունի այս ամենի հետ, առաջադրված մեղադրանքները չի ընդունում և որևիցե կերպ, անգամ մեծ ցանկության դեպքում ոչ մի կերպ խոչընդոտելու ոչ միտում ունի, ոչ նպատակ», - ասաց փաստաբանը:
Դատավոր Սարգիս Դադոյանն այսօր բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ հիմք ընդունելով քննչականի ու դատախազի հիմնավորումները, թե գործարարն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը: Փաստաբան Արամ Վարդևանյանը այսօրվա որոշումը համարում է արդարադատության հետ աղերս չունեցող գործընթացի արդյունք:
«Հերթական իրավական ծաղրն այսօր արձանագրեցինք իրականում վիրավորական աստիճանի: Քննիչը պնդում է միջնորդություն, որ մինչև հունվարի 18-ը Սամվել Կարապետյանը լինի անազատության մեջ, դատախազը պնդում է միջնորդություն, որ Սամվել Կարապետյանը մինչև հունվարի 18-ը լինի անազատությա մեջ, և դատավոր Սարգիս Դադոյանը նշվածը հաստատում է», - ասաց նա:
60-ամյա գործարարը կալանքի տակ է ամռանից՝ արդեն հինգ ամիս, ու եթե բողոքարկումները արդյունք չտան, Ամանորն էլ բանտում կանցկացնի: Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին:
Կարապետյանի հայտարարությունից մեկ ժամ անց վարչապետն արձագանքել էր մի քանի ֆեյսբուքյան գրառմամբ. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:
Փաստաբաններն այսօր էլ պնդեցին՝ իշխանության զավթման կոչի մեղադրանքով իրենց պաշտպանյալը չի կարող պահվել բանտում, լրացել է այդ հոդվածով կալանքի տակ պահելու ժամկետը, և այն երկարաձգելու համար մնում էր տնտեսական բնույթի մեղադրանքը: Եվ այստեղ դատարանին օգնելու եկավ վճռաբեկ ատյանը, պնդեց փաստաբան Լիանա Գասպարյանը:
«Դատական ակտը դեռևս չենք ստացել, բայց ունենք հստակ մի հանգամանք՝ իրավական պրոցեսում եթե փողերի լվացման դրվագով հիմնավոր կասկածը չհիմնավորեր, ինչին եկել էր օգնության վճռաբեկ դատարանի որոշումը, ապա կալանքը միանշանակ չէր կարող երկարել», - նշեց նա:
Ըստ փաստաբանների՝ ՔԿ-ն դատարան ներկայացված միջնորդության մեջ ներառել է նաև վերջերս վճռաբեկ դատարանի որոշումը: Այս ատյանը, նրանց խոսքով, շատ արագ՝ 20 օրում քննել ու որոշել էր, որ Կարապետյանին վերագրվող տնտեսական հանցագործությունները հիմնավոր են: Սա այն դեպքում, երբ առաջին ու վերաքննիչ ատյաններն անցած ամիսներին հակառակ եզրակացության էին եկել:
Լիանա Գասպարյանն ասում է՝ քանի դեռ այսօրվա որոշումը չեն ստացել, չեն կարող ասել, թե դատարանն ինչ հիմքով կալանավորեց իրենց պաշտպանյալին, բայց կարող են ենթադրել, որ դատարանը հիմնավոր է համարել կասկածները, որ գործարարը տնտեսական հանցագործություն է կատարել: Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, դատարանն այսօր պետք է ազատ արձակեր նրան:
Պնդում է՝ անցած ամիսներին իրենց պաշտպանյալի հետ որևէ քննչական գործողություն չեն իրականացրել, մերժել են իրենց առաջարկները՝ առերեսումներ իրականացնել, լսել իրենց վկաներին: Ինչու՝ Քննչականից չեն մանրամասնում: Փաստաբանը հավելեց՝ Սամվել Կարապետյանի դեմ ցուցմունքներ չկան.
«Մեր միջնորդությունը հետևյալն է՝ եթե կան անձինք, որ ցուցմունք են տվել Սամվել Կարապետյանի դեմ, խնդրում ենք բազմիցս միջնորդություններով, որպեսզի կատարվի առերես հարցաքննություն: Մենք չունենք այդպիսիք», - նշեց Լիանա Գասպարյանը:
Մինչ Կարապետյանն ու փաստաբանները պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է, ՔԿ նախագահը վերջերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պնդել էր՝ մեղադրանքի մեջ ամեն ինչ արտացոլված է, ու երբ գործը հասնի դատարան, հանրությունը կիմանա այդ մասին: «Մեր ձևով» արտահայտության մեջ ի՞նչն է հանցավոր, այս հարցին էլ Արթուր Պողոսյանը հակադարձել էր. «Մենք տվեցինք իրավական գնահատական և համարեցինք, որ դա ենթադրաբար հանցավոր դրսևորում է: Սա կապված է սուբյեկտը, իրադրությունը, խոսքերը, մեր ունեցած տեղեկությունները, բազմաթիվ գործոններ կան»:
Քննչականի ղեկավարը հերքել էր Կարապետյանի պնդումները, թե իր ու իր ենթակաների գործողությունների վրա ազդել են վարչապետի ստատուսները, որոնք Նիկոլ Փաշինյանը գրել էր Կարապետյանի առանձնատանը կատարվող քննչական գործողությունների ընթացքում. «Մեղադրանք առաջադրել ենք, մեղադրանքի փաստական նկարագրության մեջ արտացոլված է, թե հանցակազմի էությունը ինչումն է, և տրված է դրա իրավական որակումը»:
Քննչականի ղեկավարը նաև պարզաբանել էր, թե ինչու են կոչի դրվագը քննում այսքան երկար՝ 5 ամիս, ինչու դատարան չեն ուղարկում. «Երբ մենք միասնական մեղադրանք ունենք, օրենքը հնարավորություն չի տալիս մեղադրանքը տրոհել և մի մասով ուղարկել դատարան, մյուսով անձը շարունակի գտնվել քրեական հետապնդման կարգավիճակում»:
Գործարարի հարազատները մինչդեռ պնդում են՝ ընտրություններից առաջ Կարապետյանին մեկուսացնելու խնդիր կա: Միլիարդատերը քաղաքական հայտ ներկայացրեց կալանավորումից հետո՝ ԱԱԾ մեկուսարանից: Բայց Կարապետյանը չի կարող վարչապետի պաշտոնին հավակնել, քանի որ երկքաղաքացիություն ունի: