Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ՝ բողոքարկելով կալանքի որոշումը

Լրացված

Ռուսաստանաբնակ գործարարի Սամվել Կարապետյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով նրա երկամսյա կալանքը։ Փաստաբանները, որ ծանոթացել են դատարանի հիմնավորումներին, կալանքի որոշումն ապօրինի են որակում։

Գործարարը երեկ ուշ երեկոյան կալանավորվեց՝ հենց դատարանի դահլիճից տեղափոխվելով քրեակատարողական հիմնարկ։

«Մեր հակափաստարկները շատ էին, ինչպես նկատեցիք, չորս ժամ անընդմեջ դատական նիստ է տեղի ունեցել, և չորս ժամից 3,5 ժամը, կարող եմ նշել, որ պաշտպանական կողմի ելույթն է եղել: Բնականաբար, այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում Քրեական օրենսգրքով մեղսագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին: Ուստի կարող եմ այս պահին միայն նշել, որ որոշումն ակնհայտ ապօրինի է», - ասաց փաստաբաններից Լիանա Գասպարյանը:

Փաստաբաններն ապօրինի են համարում նաև Կարապետյանին առաջադրված մեղադրանքը։ Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Կարապետյանն ինքն իր մեղադրանքն անվանել է շինծու, կալանքը՝ ապօրինի:

Մայր Աթոռին աջակցություն հայտնած Կարապետյանի փաստաբաններն ասում են՝ գործարարը ոչ թե իշխանությունը զավթելու, այլ՝ եկեղեցի-իշխանություններ հաշտության կոչ է արել։ Բացատրում, թե Կարապետյանն ասել է՝ եթե չլինի հաշտությունն, ինքն իր միջոցներով կփորձի երկու կողմերին հաշտեցնել։

«Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին», - ասել է Կարապետյանը:

Առանձնատան խուզարկությունը, միլիարդատիրոջ ձերբակալումն ու առաջադրված մեղադրանքը հաջորդեցին Մայր Աթոռին աջակցելու՝ Կարապետյանի հայտարարությանը, որին անմիջապես արձագանքեց վարչապետը՝ խոստանալով պասիվացնել ակտիվացած գործարարներին:

Կարապետյանին այսօր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն են այցել ու խորհրդապահական առանձնազրույց ունեցել նրա հետ։

Միլիարդատիրոջ կալանավորմանն թեմային այսօր նաև Ազգային Ժողովում անդրադարձան

«Ինչո՞ւ է հիմա Սամվել Կարապետյանն այս իշխանության օրոք կալանավորված և ինչո՞ւ է Ռուբեն Վարդանյանն Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես ևս գիտեմ, որովհետև դուք երկուսդ էլ ատում եք հայ ժողովրդին և հայկական պետականությունները», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը դատապարտեց գործարարի կալանավորումն ու հայտարարեց, թե այն հենց Փաշինյանի ցուցումով է եղել. - «Վերջերս մի գրառում հայտնվեց՝ «հիմա ես իմ ձևով կմիջամտեմ», առաջ գոնե ձև էին անում, որ կա իրավական գործընթաց, որ կան դատական պրոցեսներ և այլն, քննիչներն իրենք են ինչ-որ գործընթացներ իրականացնում, հիմա WhatsApp-ով SMS-ների փոխարեն ուղղակի գալիս է ֆեյսբուքյան արդարադատությունը, ֆեյսբուքյան ուղիղ ցուցումներով մարդիկ են կալանավորվում: Սա է այն համակարգը, որ Դուք ստեղծել էիք, զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում մինչև 18 թվականը, 18 թվականից հետո մի հատ update եղաք ու ստացվեց ֆեյսբուքյան արդարադատության իրականացում»:

Իշխանություններին քննադատություններից հետո վարչապետն արձագանքեց, որն էլ լեզվակռվի պատճառ դարձավ։

Փաշինյանը, սակայն, չանդրադարձավ ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքերին։ Իշխանական պատգամավորներն էլ ուղիղ չանդրադարձան Կարապետյանի խափանման միջոցը քննած դատավորին ճնշելու՝ ընդդիմության մեղադրանքերին։ Իշխանականներն իրենց հերթին եկեղեցուն մեղադրեցին դատական համակարգի վրա ճնշում բանեցնելու համար։

«Սա ի՞նչ է, եթե՝ ոչ, Մայր Աթոռի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում և հարձակում: Բա մեզ ամեն օր ասում եք՝ եկեղեցին և պետությունն իրարից անջատ են, բա որ անջատ են, Մայր Աթոռն ի՞նչ գործ ունի դատական ակտերի հետ», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Մայր Աթոռը երեկ քննադատել էր ռուսաստանաբնակ գործարարին կալանավորելու՝ դատարանի որոշումը։



XS
SM
MD
LG