Մատչելիության հղումներ

Սահմանազատման ուղղության վերաբերյալ Երևանը Բաքվին առաջարկ է արել, պատասխան դեռ չկա. Փաշինյան


Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատված, արխիվ
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատված, արխիվ

Սահմանազատման շարունակականության հետ կապված հայկական կողմն առաջարկներ է ուղարկել Բաքվին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր առաջարկությունը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին, սպասում ենք պատասխանի», - նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, թե սահմանազատման գործընթացը փակուղի չի մտել:

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ առաջարկներ են ուղարկվել Բաքվին, վարչապետը պատասխանեց. «Առաջարկները հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակել սահմանազատումը: Ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավ որ հատվածում իրականացնենք: Մենք մեր պատկերացնումներն ունենք, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:

Այլ մանրամասներ Փաշինյանն այս փուլում, երբ Ադրբեջանի արձագանքին են սպասում, պատեհ չհամարեց հայտնել:

Սահմանազատման կանոնակարգը հաստատելուց հետո հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են գործընթացը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, ապա հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդել էր՝ սահմանազատման ուղղությունը կոնսենսուսով է որոշվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG