Ինչպես է ստացվել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներից մեկը նորից Բարձր դատարանում աշխատանքի է անցել: Մամուլում լուրեր են տարածվել, որ Սաֆարյանի որդու կինը՝ Մարիամ Գզողյանը, դատավորներից Արտակ Զեյնալյանի օգնականն է նշանակվել: Արդյոք Սեդա Սաֆարյանը մասնակցություն ունի այս նշանակման հարցում: Դատավոր Սաֆարյանը հերքեց. «Ոչ, մասնակցություն չունեմ»,- ասաց ու չցանկացավ թեման շարունակել։
Մարիամ Գզողյանը մասնագիտությամբ իրավաբան է: Սովորել է նաև Ամերիկյան համալսարանում: Նրա բարձր մասնագիտական կարողությունների մասին ֆեյսբուքում գրել է դատավոր Սաֆարյանի եղբայրը: Իսկ ինչո՞ւ է նա որոշել հենց Սահմանադրական դատարանում աշխատանքի անցել, որտեղ ամուսնու մայրն է աշխատում, չկարողացանք ճշտել: Սեդա Սաֆարյանն այս թեմայով չցանկացավ շարունակել:
Արտակ Զեյնալյանն անցած տարի հունիսին է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր: Օգնականն էլ է անցած տարի նշանակվել: Դատավոր Զեյնալյանը հավաստիացրեց՝ ոչ մեկը չի միջնորդել, ինքն է ընտրել իր օգնականին: «Շատերի հետ եմ զրուցել ու ընտրությունս կանգ է առել այս թեկնածության վրա»,- փոխանցեց Զեյնալյանը:
Որ դատավորի հետ փոխկապակցված անձը նույն դատարանում աշխատանքի է անցել, այստեղ օրենքի խախտում չկա: «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արմեն Խուդավերդյանը: Սա, ըստ նրա, ներքին էթիկայի հարց է:
«Ուղղակի իրենց ներքին միջավայրով իրենք պիտի քննարկեն, արդյոք, դա հանրության համար չի դառնա խոցելի ինչ-որ մի ազդակ, որ նրանց մեղադրի, այսպես ասած, ներքին համաձայնությունների մեջ»,- նշեց Արմեն Խուդավերդյանը։
Թերևս այս թեման մամուլում չէր քննարկվի, եթե սրան չնախորդեր Սաֆարյանի ամուսնու պատմությունը: Երեք տարի առաջ դատավոր Սաֆարյանի վարորդ նշանակվել էր նրա ամուսինը: Սաֆարյանն «Ազատությանը» ասել էր, որ օրենքի խախտում չի արել: Փորձագետ Արմեն Խուդավերդյանն էլ այն ժամանակ «Ազատության» հետ զրույցում դարձյալ ասել էր, որ սա բարեվարքության հարց է: