Արդյոք Սյունիքով անցնելիս հայ սահմանապահը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների անձնագրերը, հայ մաքսավորը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների բեռը, և եթե այդ ճանապարհի վրա ադրբեջանցիները որևէ հանցագործություն կատարեն, հայ պարեկները կարո՞ղ են միջամտել, իսկ հայ դատավորն էլ կարո՞ղ է նրանց դատել: Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի այս հարցերին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նորագույն տեխնոլոգիաների մասին:
Բերելով Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակը, որտեղ այդ երկրի սահմանապահը չի ստուգում երկիր մտնող մարդկանց անձնագրերը, այլ դա անում է սարքավորումը, Փաշինյանն ասաց, որ այդ կարգավորումը Հայաստանը նույնպես պետք է մտցնի:
«Էդ մեթոդը, որ դու մարդուն պետք է ձեռք տաս, հոտոտես, ականջը քաշես, մազերը քաշես՝ տեսնես իսկակա՞ն է, չպետք է լինի մեր սահմանների հետ, ոչ մեկի հետ, և չի լինելու: Ընդ որում՝ չի լինելու բոլոր տեղերում», - հայտարարեց վարչապետը:
Խամոյանը Փաշինյանի պատասխանից եզրակացրեց. - «Սա անգամ միջանցք չի, սա ադրբեջանցիների համար պռախադնոյ դվոր է լինելու»: