Մատչելիության հղումներ

Ռյուտե. Պատերազմը դադարեցնելու համար դժվար որոշումներ պետք է կայացվեն

Ուկրաինա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ելույթ է ունենում Գերագույն Ռադայում, Կիև, 3-ը փետրվարի, 2026թ.
Ուկրաինա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ելույթ է ունենում Գերագույն Ռադայում, Կիև, 3-ը փետրվարի, 2026թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր Ուկրաինայի խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է՝ սարսափելի պատերազմը դադարեցնելու համար դժվար որոշումներ պետք է կայացվեն: Մարկ Ռյուտեն միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքներն ամուր են։

«Անվտանգության երաշխիքներն ամուր են, և սա վճռորոշ է, քանի որ մենք գիտենք, որ այս սարսափելի պատերազմին վերջ դնելու համար համաձայնության հասնելը կպահանջի դժվար որոշումներ։ Ուկրաինան պետք է լիակատար վստահություն ունենա, որ ինչ զոհաբերություններ, ավերածություններ կրել եք, այս ամենը կրկնվելու վտանգ չի լինի։ Դուք պետք է իմանաք, որ այս խաղաղությունը կլինի տևական։ Ոչ թե այն պատճառով, որ փաստաթղթեր են ստորագրվել, այլ որովհետև կա այն պաշտպանելու իրական ուժ։ Դուք իրավացիորեն չեք ցանկանում ևս մեկ Բուդապեշտի հուշագիր կամ Մինսկի համաձայնագիր», - ասել է Ռյուտեն:

ՆԱՏՕ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին, ուկրաինացի օրենսդիրներին վստահեցրել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը՝ հավելելով, թե Պուտինը խորապես սխալվեց, երբ կարծեց, թե աջակիցները կհոգնեն, իսկ Ուկրաինան կթուլանա: «Ուկրաինան ուժեղ է, իսկ մեր աջակցությունը՝ անսասան», - վստահեցրել է Ռյուտեն:

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ Կիևին տրամադրվող անվտանգության երաշխիքները նաև դաշինքի անդամ պետությունների ռազմական ներկայություն են նախատեսելու։

«Ամեն օր մենք շարունակում ենք մեր սերտ երկխոսությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի շրջանակում։ Ամեն օր մենք աջակցում, զինում և պատրաստում ենք Ուկրաինայի զինված ուժերին, որպեսզի դուք կարողանաք պաշտպանվել այսօր և զսպել ցանկացած ապագա ագրեսիա։ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը Գերմանիայում համակարգում է ռազմական օգնության և ուսուցման մատակարարումները և աշխատում է Ուկրաինայի հետ, որպեսզի դաշնակիցները հստակ իմանան՝ ինչի կարիք ունի Ուկրաինան», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռյուտեն ընդծել է, որ առաջնահերթ պահանջների ցուցակի միջոցով միլիարդավոր դոլարների կարևոր ամերիկյան ռազմական տեխնիկա է մատակարարվում Ուկրաինային։ Հասկանում է՝ պետք է ավելին, բայց լավ նորությունն այն է, որ պաշտպանական արտադրությունն աճում է դաշնակից երկրներում։

Այդուհանդերձ, առաջնահերթությունն արյունահեղությունը դադարեցնելն է, և Միացյալ Նահանգների նախագահն ու իր թիմը, Ռյուտեի խոսքով, վճռական են այս հարցում։ Ի դեպ, ռուս, ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է վաղը՝ Աբու Դաբիում։

«Եվ մինչ Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը և Բելառուսը շարունակում են աջակցել Ռուսաստանի պատերազմական մեքենային, Պուտինի տնտեսությունը կրում է մեկուսացման հետևանքները։ Մենք կշարունակենք ճնշումը Ռուսաստանի վրա և կշարունակենք մեր աջակցությունը Ուկրաինային։ Գիտեմ, որ ձմեռը ցուրտ է, բայց գարունը կգա։ Մնացեք ուժեղ։ Գիտեմ, որ դուք կկարողանաք։ Փառք Ուկրաինային», - հայտարարել է Մարկ Ռյուտեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տեղի է ունենում Ուկրաինայի վրա ռուսական լայնածավալ հարձակումների ֆոնին։

Ռյուտեի՝ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելուց ընդամենը մի քանի ժամ առաջ Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին և երկրի այլ շրջաններին՝ դարձյալ թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքները և բնակելի շենքերը։

Կիևը Մոսկվային մեղադրել է «ձմեռային ցեղասպանություն» իրականացնելու մեջ։ Կիևում այսօր մինչև 20 աստիճան ցուրտ է լինելու:

XS
SM
MD
LG