Ռուսաստանի Ռյազանի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ձեռնարկությունում, տուժածներ չկան, հաղորդել է նահանգապետ Պավել Մալկովը: Նա չի հստակեցրել, թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը:
Astra տելեգրամյան ալիքը, հղում անելով տեղի բնակիչների հաղորդումներին, գրում է, որ հարվածի տակ կարող էր ընկնել Ռյազանում նավթավերամշակման գործարանը: Այդ գործարանի վրա հարձակման մասին է հայտնում նաև ուկրաինական Supernova+ տելեգրամյան ալիքը:
Այդ հաղորդումների պաշտոնական հաստատում առայժմ չկա:
Ռոստովի մարզում անօդաչուների հարձակման հետևանքով տուժածներ չկան, հետևանքները ճշտվում են, հաղորդել է նահանգապետ Յուրի Սլյուսարը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը երկրի տարածաշրջանների երկնքում խոցել են 64 ուկրաինական դրոն, դրանցից 35-ը՝ Ռյազանի, 17-ը՝ Ռոստովի մարզերի օդային տարածքում:
Անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հաղորդել են նաև Վորոնեժի, Բելգորոդի, Սարատովի, Լիպեցկի, Տուլայի և Սամարայի մարզերի, Թաթարստանի իշխանությունները: