Մատչելիության հղումներ

Ռուսաստանը փոխում է միջուկային դոկտրինը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռակապով հետևում է ռազմավարական ուժերի զորավարժություններին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռակապով հետևում է ռազմավարական ուժերի զորավարժություններին, արխիվ

Ռուսաստանը փոխում է միջուկային դոկտրինը. Կրեմլն այսուհետ իրավասու է միջուկային զենք օգտագործել նույնիսկ Ռուսաստանի դեմ սովորական, ոչ միջուկային զենքով ագրեսիայի ժամանակ: Այս մասին հայտարարել է նախագահ Պուտինը երեկ Անվտանգության խորհրդի նիստում՝ մանրամասնելով, թե ինչն է Ռուսաստանը միջուկային արձագանքի արժանի սպառնալիք համարում. - «Երբ մենք ստանանք հավաստի տեղեկատվություն օդատիեզերական հարձակման միջոցների զանգվածային արձակման և մեր պետական սահմանը հատելու մասին, այսինքն՝ խոսքը ռազմավարական կամ մարտավարական ինքնաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչու սարքերի, հիպերձայնային հրթիռների և այլ ինքնաթիռների մասին է»:

Սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինը սպառնում է աշխարհին միջուկային զենքով։ Այս անգամ, սակայն, նրա հայտարարությունը հնչում է նախագահ Զելենսկիի ամերիկյան այցին զուգահեռ․ Ուկրաինայի առաջնորդն այս օրերին Միացյալ Նահանգներում քննարկում է արևմտյան հեռահար զենքով Ռուսաստային հարվածելու հնարավորությունները։

Միջուկային սպառնալիքներին զուգահեռ ռուսական բանակն ակտիվացրել է հարձակումները․ անցած գիշեր անօդաչուների թիրախում է եղել Ուկրաինայի մայրաքաղաքը:

Ռուսաստանը պնդում է, թե ևս երկու գյուղ է գրավել Դոնեցկի մարզում, ուկրաինացիները, մինչդեռ, հայտարարում են, թե շարունակում են մնալ պաշտպանական դիրքերում և վերահսկում են իրավիճակը։

Ծանր մարտեր են նաև ռազմավարական նշանակություն ունեցող Ուգլեդար քաղաքի մոտ: Երեկվանից ռազմական բլոգերները հաղորդում են, որ ռուսական ստորաբաժանումներն արդեն քաղաքի արվարձաններում են, ուկարինական կողմը, մինչդեռ, պնդում է, որ մարտերը քաղաքի համար դեռ շարունակվում են։

Լարված իրավիճակ է նաև Պոկրովսկի ու Տորեցկի ուղղություններում, ինչպես նաև հենց Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի մարզում, որտեղ ռուսներն անցել են հակահարձակման։

Չդադարող այս հարձակումների ֆոնին, Ուկրաինայի նախագահն այսօր ավելի ուշ Սպիտակ տանը նախագահ Բայդենին, ապա՝ նախագահի թեկնածու Հարիսին, ինչպես նաև ամերիկյան Կոնգրեսին կներկայացնի խաղաղության իր պլանը։ Ակնկալվում էր, որ Զելենսկին այս ծրագիրը պետք է ներկայացներ նաև նախագահի հանրապետական թեկնածուն Դոնալդ Թրամփին։ Վերջինս, սակայն, երեկվա նախընտրական հանրահավաքում քննադատել է Ուկրաինայի նախագահին:

«Մենք շարունակում ենք միլիոնավոր դոլարներ տալ մի մարդու, ով հրաժարվում է բանակցել», - հայտարարել է Թրամփը: - «Ես դիտեցի այդ խեղճ տղային երեկ ՄԱԿ-ում: Նա չգիտեր, թե ինչ է ասում։ Նրանք պարզապես չգիտեն, թե ինչ անել: Նրանք արգելափակվել են մի իրավիճակում: Տխուր է։ Նրանք պարզապես չգիտեն ինչ անել, քանի որ Ուկրաինան չկա։ Դա այլևս Ուկրաինա չէ: Դուք երբեք չեք կարող վերականգնել այդ քաղաքներն ու ավանները և չեք կարող կենդանացնել մահացած մարդկանց»։

Առայժմ հստակ չէ՝ Թրամփի այս ելույթից հետո արդյոք Ուկրաինայի նախագահը նրա հետ կհանդիպի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG