Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ապագայի «փնտրտուքը», ի՞նչ է սպասվում Պուտինից հետո. փորձագետների գնահատականները


Ղազախստան - Ցուցարարները Ալմաթիում բողոքում են Ուկրաինայում Պուտինի պատերազմի դեմ, արխիվ
Ղազախստան - Ցուցարարները Ալմաթիում բողոքում են Ուկրաինայում Պուտինի պատերազմի դեմ, արխիվ

71-ամյա Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի կամ վարչապետի պաշտոնում է 1999 թվականի օգոստոսից։ Նա ավելի ու ավելի կոշտ ճնշումներ է գործադրում այլախոհության դեմ՝ կառուցելով իրեն հարմարեցված ավտորիտար մի համակարգ, որն ապացուցել է իր կայունությունը քաղաքական ցնցումների, տնտեսական ճգնաժամերի, պատերազմների և COVID-19-ի համավարակի ընթացքում։

Հունվարին, երբ Պուտինը պատրաստվում էր հինգերորդ նախագահական ժամկետի համար առաջադրվել խիստ կառավարելի ընտրություններում, BBC-ի թղթակիցը կենտրոնական Ռուսաստանում գտնվող Ռժև քաղաքում թոշակառուին հարցրեց՝ կա՞ մեկը, ով կարող է փոխարինել Պուտինին:

«Հենց հիմա ոչ»,- պատասխանեց կինը՝ կրկնելով մի խոսույթ, որը խնամքով մշակվել է Կրեմլի կողմից Պուտինի կառավարման ամբողջ ընթացքում. - «Միգուցե Պուտինը հետո ինչ-որ մեկին կգտնի, բայց ես կարծում եմ, որ նա դեռ երկար ժամանակ կլինի իշխանության ղեկին»։

Չնայած «Պուտինից հետոյի» մասին մտածելու մարդկանց դժկամությանը, Systema-ն՝ «Ազատության» հետաքննող լրագրողների ռուսական բաժինը, այս հարցն ուղղել է Ռուսաստանի գծով ավելի քան 150 առաջատար փորձագետների, նրանց թվում՝ քաղաքագետների, սոցիոլոգների և լրագրողների Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Հարցերին համաձայնել են պատասխանել ավելի քան 40-ը։ Նրանց հարցրել են, թե որո՞նք են «Պուտինից հետոյի» ամենահավանական սցենարները և ո՞վ կարող է ի վերջո փոխարինել նրան:

Հարցվածներից շատերը շեշտել են, որ նման ենթադրություններն իսկապես ֆանտազիայի ժանրից են՝ հավելելով, որ անհնար է որևէ ճշգրտությամբ նշել նրա իրավահաջորդին։ Փորձագետներից մի քանիսը հավելել են՝ ոչ մի նշան չկա, որ Պուտինն ինքը հստակ պատկերացումներ ունի այս հարցի շուրջ ու պատրաստում է իր հաջորդին։

«Պուտինյան ռեժիմի թուլացումն ու ճգնաժամը կհամապատասխանեն Պուտինի բնական ծերացմանը և կլինեն նրա բնական ծերացման հետևանք», - վստահ է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն։

«Մինչև մահը չբաժանի մեզ»

Փորձագետների մեծ մասը կարծում են, որ Ռուսաստանում իշխանափոխության ամենահավանական սցենարը Պուտինի մահն է լինելու։ Իրականում, գրեթե բոլոր հարցվածները սա են նշել որպես Ռուսաստանի համար ամենահավանական ուղիներից մեկը, 8-ի կարծիքով՝ սա միակ հնարավոր ճանապարհն է:

23-ի կարծիքով՝ իշխանափոխության պատճառ կարող է դառնալ հեղաշրջումը կամ իշխող էլիտայի ներքին ապստամբությունը: Նրանցից մի քանիսը նշել են միայն այս հնարավոր սցենարը։

Հարցվածներից միայն 5-ն են թվարկել «քաղաքացիական պատերազմը» կամ «հեղափոխությունը» որպես հնարավոր սցենար Ռուսաստանի համար։ Սա մի փոքր ավելի քիչ է, քան հարցվածներից այն թիվը, ովքեր ասել են, որ պուտինյան Ռուսաստանի վերջը կարող է գալ Ռուսաստանի ռազմական պարտության հետևանքով:

Փորձագետներից մեկը ենթադրում է, որ Պուտինի իշխանության վերջը կարող է վրա հասնել մեծ աղետի հետևանքով, օրինակ՝ միջուկային աղետը կամ համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Մեկ ուրիշը նշել է, որ լուրջ հիվանդության դեպքում Պուտինին կարող են պաշտոնից հեռացնել «փափուկ հեղաշրջման» միջոցով:

Հարցվածներից ոչ մեկը չի նշել Պուտինի իշխանության ավարտը մրցակցային ընտրությունների միջոցով։ Սակայն, օրինակ, լրագրող Անդրեյ Զախարովը հույս ունի, որ «Ռուսաստանը մի օր ազատ կլինի»:

Բոլորին ծանոթ «կասկածյալները»

Հետաքննող լրագրողները փորձագետներին խնդրել են նաև նշել Պուտինի հնարավոր իրավահաջորդներին երկու տարբեր անցումային սցենարներում. առաջինը՝ երբ Պուտինն ինքը մասնակցում է իրավահաջորդի ընտրության գործընթացին, օրինակ՝ պաշտոնին նշանակելով իր նախընտրած մարդուն, ինչպես արեց նախագահ Բորիս Ելցինը Պուտինի պարագայում, և երկրորդը՝ երբ Պուտինը մահացել է կամ որևէ այլ պատճառով մասնակից չէ գործընթացին։

Առաջին սցենարում 19 փորձագետ նշել է վարչապետ Միխայիլ Միշուստինի, 18-ը՝ Պետխորհրդի քարտուղար և Պուտինի նախկին թիկնապահ Ալեքսեյ Դյումինի անունը։ Նշվել են նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի անունները:

Երկու փորձագետներ կարծիք են հայտնել, որ Պուտինը կարող է [իր քաղաքական ժառանգորդ] նշանակել Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնությունից ծնված կրտսեր դստերը՝ Կատերինա Տիխոնովային, մեկը նշել է ավագ դստեր անունը՝ Մարիա Վորոնցովային:

Երկրորդ սցենարում, որտեղ Պուտինը ներգրավված չէ ընտրության գործընթացում, հարցվածների մեծամասնությունը կրկին նշել է Միշուստինի անունը, իսկ Սոբյանինը երկրորդն է: Հարցվածներից 7-ը նշել են նախագահի օգնական և Անվտանգության դաշնային ծառայության և Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Նիկոլայ Պատրուշևին։ 5-ը նշել են Պատրուշևի որդուն՝ փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևին։
Ընդհանուր առմամբ, փորձագետները նշել են 34 հնարավոր իրավահաջորդների՝ Դաշնության խորհրդի նախագահ 75-ամյա Վալենտինա Մատվիենկոյից մինչև 37-ամյա Տիխոնովա:

Մեկ փորձագետ տվել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի անունը՝ չնայած վերջինիս առողջական լուրջ խնդիրների մասին մամուլում անընդհատ շրջանառվող լուրերին:

Մեկ փորձագետ էլ հիշատակել է վտարանդի այլախոհ, գործարար 61-ամյա Միխայիլ Խոդորկովսկուն՝ որպես հնարավոր «գորշ ձիուկ», ով կարող է փոխարինել Պուտինին։ Խոդորկովսկին միակ ընդդիմադիր գործիչն է, որի անունը հիշատակվել է հարցվածների կողմից։

Վերջին տասնամյակի ընթացքում Պուտինի ամենահայտնի քաղաքական հակառակորդը՝ Ալեքսեյ Նավալնին հանկարծամահ եղավ փետրվարին Արկտիկայի բանտում երեք տարի անցկացնելուց հետո:

Մի քանի փորձագետներ նշել են, որ հնարավոր իրավահաջորդի կանխատեսումն անհնար է, քանի որ շատ բան կախված է իշխանության փոխանցման հանգամանքներից:

«Հանկարծակի փոփոխության դեպքում, ով էլ լինի վարչապետի պաշտոնին, հաջողության հասնելու ամենամեծ շանսեր կունենա», - գրում է վերլուծաբաններից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, - «Այլ կերպ ասած՝ կարելի է միայն գուշակությամբ զբաղվել, դա կարող է լինել մեկը, ում անունը նույնիսկ մեր մտքով էլ չի անցնում, որ հիմա նշենք»։

«Դա ուղղակի հնարավոր չէ իմանալ ի սկզբանե»,- հավելել է «Ազատության» զրուցակիցը՝ նշելով, որ ժամանակին քչերը կարող էին Նիկիտա Խրուշչովի անունը տալ որպես Խորհրդային Միության բռնապետ Իոսիֆ Ստալինի ժառանգորդ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Կրաշենիննիկովն ընդգծել է Պուտինի կառավարման համակարգի անթափանցիկությունը. - «Մենք նույնիսկ չգիտենք, թե իրականում ով կա Պուտինի մերձավոր շրջապատում»։

Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող Սերգեյ Սանովիչը հավանական է համարում, որ Ռուսաստանում քաղաքական փոխանցում տեղի չունենա մինչև 2036 թվականը, երբ ավարտվի Պուտինի հնարավոր վեցերորդ և գործող օրենսդրության համաձայն՝ նախագահական վերջին ժամկետը:

«Եթե հիմա դա լիներ, ես գրազ կգայի կրտսեր Պատրուշևի վրա», - ասում է Սանովիչը։ - «Բայց ես չեմ կարծում, որ դա տեղի ունենա ավելի շուտ, քան 2036 թվականը, երբ Դմիտրի Պատրուշևը կլինի մոտ 60 տարեկան: Սա նշանակում է, որ իրավահաջորդը կլինի ավելի երիտասարդ մեկը»:

Հեղինակներ՝ Ելիզավետա Սուրնաչևա, Իրինա Սնեգովսկայա, Systema և Current Time, նյութի պատրաստմանն աջակցել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանից Ռոբերտ Կոալսոնը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG