Ամիսներ տևած մարտերից հետո Ուկրաինական կողմը հաստատեց՝ Ուգլեդարը հայտնվել է ռուսական վերահսկողության տակ։ Կիևն արևելյան Դոնբասի շրջանի մի հսկայական հատվածի երկայնքով դուրս է բերում իր ստորաբաժանումները։ Ինչ ազդեցություն դա կարող է ունենալ ռուս-ուկրաինական՝ ավելի քան երկու տարի շարունակվող պատերազմում։
Դեռ անցած տարվա հունվարին ռուսական ռազմական ավտոշարասյունը՝ հարյուրավոր ռազմածովային հետևակայիններով անսպասելի կատաղի դիմադրության հանդիպեց Դոնբասի Ուգլեդար քաղաքի մոտ: Ռուսների համար դա նվաստացուցիչ պարտություն էր, որը ցույց տվեց ինչպես ուկրաինացիների արիությունը, այնպես էլ Ռուսաստանի հաճախ անկազմակերպ գործողությունները:
Սակայն հիմա իրավիճակը փոխվել է։
Հոկտեմբերի 2-ին ուկրաինացի զինվորականները հաստատեցին, որ դուրս են բերում իրենց ստորաբաժանումները Ուգլեդարից՝ ռուսական ուժերի ամիսներ տևած անողոք հարձակման հետևանքով:
Սա առնվազն վկայում է, թե որքան սարսափելի է իրավիճակը Ուկրաինայի բանակի համար:
Ահա թե ինչ է պետք իմանալ Ուգլեդարի մասին
Ուգլեդարը, որը գտնվում է Ռուսաստանի կողմից վերահսկվող Դոնբասի ամենամեծ քաղաքից՝ Դոնեցկից մոտ 90 կմ հարավ-արևմուտք, ածխահանքային քաղաք է։ Այն կազմված է սովետական ոճի բազմաբնակարան շենքերից, որոնք տեղակայված են հարթ, բաց լանդշաֆտում: Ռուսական ներխուժումից առաջ քաղաքում ապրում էր 14 հազար մարդ։
Քաղաքը գտնվում է համեմատաբար բարձր տեղանքում, ինչն այն իդեալական վայր է դարձնում հրետանային և հրթիռային համակարգեր տեղակայելու համար, որոնք սպառնալիք են Ուկրաինայի արևելքն արևմուտքին կապող գլխավոր մայրուղու՝ T-0509-ի, ինչպես նաև հիմնական երկաթգծի համար:
2022-ի նոյեմբերին՝ լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ինն ամիս անց, ռուսական ուժերը՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի 155-րդ ծովային հետևակային բրիգադի գլխավորությամբ, մտան Պավլիվկա, որը Ուգլեդարից ավելի փոքր է և գտնվում է դրանից դեպի հարավ։ Այս գրոհը լիակատար ձախողում էր ռուսական կողմի համար, որը տեխնիկայի և անձնակազմի մեծ կորուստներ կրեց։ Մի խումբ սպաներ ավելի ուշ բաց նամակ հրապարակեցին՝ քննադատելով ստորաբաժանումների հրամանատարներին:
Մոտ երկու ամիս անց՝ 2023 հունվարի վերջին, ռուսական ծովային հետևակային ստորաբաժանումները հարձակվեցին Ուգլեդարի վրա` կրկին կրելով մեծ կորուստներ. տարբեր գնահատականներով՝ ռուսների զոհերի թիվը հասնում էր մի քանի հարյուրի:
Այս կորուստները ցույց էին տալիս այն խորը խնդիրները, որոնց բախվել էին ռուս զինվորականները, մասնավորապես, հրամանատարության մակարդակում, որտեղ հաղորդակցությունն ու համակարգումն անարդյունավետ էին ու անկազմակերպ։
Ի՞նչ է կատարվում հիմա
Առնվազն 2024-ի սկզբից ռուսական ուժերը կամաց-կամաց թափ են հավաքում 1100 կիլոմետրանոց ճակատային գծում, որը ձգվում է Ուկրաինայի հյուսիսարևելյան սահմանից՝ Խարկովի հարավից դեպի Ուգլեդար, այնուհետև արևմուտք-հարավ-արևմուտք դեպի Խերսոնի շրջան, որը գտնվում է Դնեպր գետի ավազանում:
Առնվազն երեք վայրերում, հիմնականում Դոնբասում, ռուսական զորքերը, որոնք համալրված են լավ վարձատրվող մեծաթիվ կամավորներով, առաջ են շարժվել՝ դանդաղորեն ճնշելով Ուկրաինայի պաշտպանությունը՝հիմնականում թե՛ մարդկային ներուժի, թե՛ հրթիռների գերազանցության շնորհիվ:
Չասով Յարում ռուսական ուժերը գրավել են քաղաքի արևելյան թաղամասը, սակայն մեծ դժվարությունների են բախվում ջրանցքն անցնելու հարցում, որպեսզի գրավեն քաղաքի մնացած մասը: Ինչպես Ուգլեդարը, այնպես էլ Չասով Յարը տեղակայված է համեմատաբար բարձր տեղանքի վրա, և այն վերահսկելը ռուսական ուժերին թույլ կտա թիրախավորել Կոստյանտինովկան, որը հարավ-արևմուտքում գտնվող երկաթուղային հանգույց է: Այն ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի համար՝ Դոնբասով մարդկանց և բեռների մատակարարումների համար։
Կոստյանտինովկայից մոտ 80 կմ հարավ-արևմուտք գտնվում է ուկրաինական զորքերի ևս մեկ կարևոր հենակետ՝ Պոկրովսկը: Առնվազն ամառվանից ռուսական ուժերն ավելի ու ավելի շատ են քաղաքին ավիահարվածներ հասցնում, այդ թվում՝ ավերիչ և ճշգրիտ կառավարվող հրթիռներով, որոնցից պաշտպանվելը դժվար է։ Զուգահեռ, գետնի վրա ռուսները դանդաղ առաջ են գալիս արևելքից՝ գրավելով մի շարք գյուղեր:
Ռուսական ուժերն այժմ 5 կիլոմետրից են հեռու N32 մայրուղուց, որը ձգվում է Պոկրովսկից մինչև Կոստյանտինովկա: Մայրուղու գրավումը ուկրաինական ուժերին կզրկի մատակարարման այս կարևոր գծից։
Ուկրաինացի հրամանատարները և ռազմական ստրատեգներն այն ժամանակ կարողացան ամրապնդել Պոկրովսկից արևելք գտնվող պաշտպանական գծերը և դանդաղեցնել Ռուսաստանի առաջխաղացումը դեպի քաղաք վերջին երկու ամսվա ընթացքում։
Օգոստոսին ուկրաինացի հրամանատարները նաև համարձակ հարձակում ձեռնարկեցին դեպի Ռուսաստանի Կուրսկի շրջան, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր օտարերկրյա զորքերի ամենամեծ ներխուժումն է Ռուսաստանի տարածք:
Այս գործողություններն անակնկալի բերեցին Ռուսաստանին ու Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին` զգալիորեն խարխլելով տարածված համոզմունքը, թե Ռուսաստանի զինված ուժերը և հրամանատարությունը զորեղ են կամ լիովին կոմպետենտ։
Կուրսկի գործողությունները, որոնք դեռ շարունակվում են, մասամբ նպատակ ունեին ստիպել ռուսներին դուրս բերել ուժերը Դոնբասից կամ թուլացնել Դոնբասի վրա հարձակումը։ Դա, սակայն, տեղի չի ունեցել:
Ռուսաստանը, ըստ երևույթին, Ուգլեդարը դարձրել է առաջնահերթություն․ Հոկտեմբերի 1-ին բաց աղբյուրներից օգտվող մի քանի հայտնի վերլուծաբաններ, այդ թվում՝ մեկը, ով կապեր ունի ուկրաինացի զինվորականների հետ, հայտարարեց, որ ռուսական ուժերը մտել են Ուգլեդար: Մեկ օր անց «Խորտիցիա» օպերատիվ-ռազմավարական խումբը հայտարարեց, որ հրամանատարները ստորաբաժանումներին նահանջի հրաման են տվել։
«Բարձր հրամանատարությունը թույլ է տվել մանևրել ստորաբաժանումները Ուգլեդարից դուրս բերելու համար՝ անձնակազմի և մարտական տեխնիկայի պահպանման, հետագա գործողությունների համար դիրքեր գրավելու նպատակով»,- ասվում էր հաղորդագրությունում։
Ռուս հայտնի ռազմական բլոգերները հրապարակեցին տեսանյութեր, որոնցում ենթադրաբար երևում է, թե ինչպես են ռուս զինվորները դրոշներ տեղադրում քաղաքի շենքերի մոտ: Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայի Գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրությունում ոչ մի խոսք չկար Ուգլեդարի մասին: Սակայն, անկախ փորձագետները նշում էին, որ Ուկրաինայի համար իրավիճակը գնալով վատթարանում է։ Հաղորդվում է, որ 72-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումները, որոնք շուրջ երկու տարի պաշտպանում են քաղաքը, հայտնվել են շրջափակման և գերևարման վտանգի տակ։
«Չեմ ուզում ասել, որ նրանք շրջապատված են, բայց իրավիճակը բարդ է, նրանց դուրսբերումը՝ դժվար»,- Current Time-ին ասել է ուկրաինացի ռազմական վերլուծաբան Դենիս Պոպովիչը:
Ինչպես կազդի Ուգլեդարի անկումը Ուկրաինայի վրա
Քաղաքի կորուստը կուժեղացնի ճնշումը Պոկրովսկի ուկրաինական պաշտպանական դիրքերի վրա, թեև նախ ռուսական ուժերը ստիպված կլինեն պայքարել Կուրախովից դուրս գտնվող ջրամբարը լիովին վերահսկելու համար, որը գտնվում է Ուգլեդարից հյուսիս և Պոկրովսկից հարավ:
Որոշ վերլուծաբաններ, ներառյալ Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը, քաղաքի գրավման նշանակությունն այդքան էլ չեն կարևորում: Այս կարծիքը, սակայն, ոչ բոլորն են կիսում։
«Սկզբունքորեն, ցանկացած նահանջ վատթարացնում է ցանկացած իրավիճակ», - «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է իսրայելցի ռազմական վերլուծաբան Դեյվիդ Հենդելմանը,- «Ավելի կոնկրետ, եթե նայեք քարտեզին, Ուգլեդարը երկար ժամանակ զգալի վտանգ էր ներկայացնում ռուսական բանակի համար։ Եթե ռուսները կարողանան վերացնել այս վտանգը, դա նրանց իրավիճակը կթեթևացնի»։
Ուկրաինացի ռազմական վերլուծաբան Պավլո Լակիյչուկի համոզմամբ, դեռ պարզ չէ, թե արդյոք ռուսական ուժերը կկարողանան շարունակել իրենց առաջխաղացումը՝ հատկապես հաշվի առնելով, որ ամառն ավարտվել է՝ տեղը զիջելով անձրևներին, որոնք ուկրաինական դաշտերը կվերածեն անհավանական ցեխոտ խոչընդոտների:
«Աշունն է արդեն մոտենում, իրավիճակը բարդ է լինելու թե՛ թշնամու, և թե՛ մեզ համար», - «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է նա՝ հավելելով․ - «Եթե ռուսները կարողանան հաջողության ալիքի վրա ընդլայնել [Ուգլեդարը] գրավելու իրենց առավելությունը և բացել իրենց մարտադաշտը, հնարավոր է, որ նրանք հետագա առաջխաղացումներ ունենան նաև դեպի հյուսիս-արևմուտք»: