Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով դադարեցվում է Միացյալ Նահանգների հետ արդեն իսկ չգործող` պլուտոնիումի ոչնչացման մասին համաձայնագիրը, որը նպատակ ուներ կանխել երկու կողմերից էլ ավելի շատ միջուկային զենք ստեղծելը։
Սա հաջորդում է ռուս գործընկերոջից ԱՄՆ նախագահի դժգոհելուն՝ Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը չընդունելու համար։
Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ չեղյալ հայտարարեց Պուտինի հետ խաղաղության գագաթնաժողովի ծրագրերը՝ ասելով, որ դա «ժամանակի վատնում» կլիներ, և բացառելով, որ այն նորից կնշանակի, եթե Ռուսաստանի առաջնորդից ազդանշաններ չստանա։
2000 թվականին ստորագրված և 2010-ին փոփոխված պլուտոնիումի կառավարման և ոչնչացման մասին համաձայնագիրը պարտավորեցնում էր Մոսկվային և Վաշինգտոնին կրճատել «սառը պատերազմի» դարաշրջանի պլուտոնիումի հսկայական պաշարները յուրաքանչյուրը 34 մետրիկ տոննայով և փոխարենը օգտագործել միջուկային էներգիայի համար։ Պուտինն արդեն կասեցրել էր Ռուսաստանի մասնակցությունը համաձայնագրին 2016 թվականին։
Այսօր Պուտինի ստորագրած օրենքը, որն ամսվա սկզբին հաստատել էին ռուս օրենսդիրները, համաձայնագրի պաշտոնական «չեղարկումն» է։
Երեկ էլ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է նոր միջուկային շարժիչով թևավոր հրթիռ։