Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կրկին լայնամասշտաբ հարձակում է գործել Ուկրաինայի վրա


Ուկրաինա - Հրշեջները մարում են Իվանո-Ֆրանկովսկում ռուսների հարվածներին հաջորդած հրդեհները, 21-ը հուլիսի, 2025թ.
Ուկրաինա - Հրշեջները մարում են Իվանո-Ֆրանկովսկում ռուսների հարվածներին հաջորդած հրդեհները, 21-ը հուլիսի, 2025թ.

Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով լայնամասշտաբ հարձակում է գործել Ուկրաինայի միաժամանակ մի քանի շրջանի վրա: Ռուսական զինուժը հարվածել է Իվանո-Ֆրանկովսկին: Ըստ քաղաքապետի՝ սա պատերազմի սկսվելուց ի վեր ամենազանգվածային հարձակումն է, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հարձակման թիրախում են եղել նաև Խարկովը, Դնեպրոպետրովսկը, Կուպյանսկը, կան տուժածներ: Հարվածել է նաև Կիևին, որտեղ կա մեկ զոհ, մի քանի վիրավոր, քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել:

Կիևի մի բնակչուհի պատմում է, որ շունն է փաստացի փրկել իրենց, քանզի անօդաչուի հարվածից վայրկյաններ առաջ սկսել է հաչել, իրենք էլ հասկացել են, որ մի բան այն չէ, և արագ դուրս են եկել բնակարանից. - «Նա շատ քաջ շուն է, նա հաչեց և մեզ զգուշացրեց հարվածից մոտ 30 վայրկյան առաջ, ինչը մեզ ժամանակ տվեց պատրաստվելու համար: Մեզ հաջողվեց ժամանակին գնալ կայանատեղի, ինչն էլ մեզ փրկեց»։

Մեկ այլ բնակչուհի էլ պատմում է, որ պայթյունից հետո ուժեղ ծուխ է տարածվել, ինչի հետևանքով մի կերպ էին շնչում. - «Մտածեցինք, որ կխեղդվենք, ինչ-որ բան կարծես խեղդում էր կոկորդս։ Խուճապ չկար, բայց մենք փախանք։ Դժվար է բացատրել»։

Երրորդ կիևցին էլ պատմում է, որ հարվածի դղրդյունից է արթնացել և տեսել, որ շուրջբոլորը ծուխ ու փոշի է: Սակայն, ըստ նրա, խուճապ չկար. - «Ամենահետաքրքիրն այն էր, որ մարդիկ խուճապի չմատնվեցին։ Մարդիկ սովորել են դրան։ Իհարկե, չպետք է սովորեն դրան, բայց լավ իմաստով եմ ասում»։

Ռուսական զինուժը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում ևս մեկ բնակավայր է գրավել:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռուսաստանի յոթ շրջանի: Ռոստովում վնասվել է երկաթուղային կայարան: Ռուսաստանում 130 ուղևորատար գնացք ուշացումով է երթևեկել, սահմանափակումներով են աշխատել Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի օդանավակայանները, հետաձգվել կամ չեղարկվել են տասնյակ չվերթներ, մարդիկ 10-12 ժամ սպասել են իրենց չվերթին, շատերին երկար ժամանակ թույլ չեն տվել դուրս գալ ինքնաթիռից:

Շարունակվող հարվածների ֆոնին Կրեմլի խոսնակը, արձագանքելով այս շաբաթ ռուս - ուկրաինական ուղիղ բանակցությունները վերսկսելու Կիևի առաջարկին, հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է բանակցություններ անցկացնելուն, և երբ վերջնական պատկերացում ունենան դրանց անցկացման ամսաթվի մասին, անմիջապես կտեղեկացնեն: Դմիտրի Պեսկովն ասել է, որ խաղաղության հուշագրերի ռուսական և ուկրաինական տարբերակներն այս պահին շատ են տարբերվում միմյանցից, ուստի շատ աշխատանք կա անելու:

«Այս երկու նախագծերի շուրջ դեռ կարծիքների փոխանակում և բանակցություն չի եղել։ Մինչ այժմ նախագծերն ամբողջությամբ և տրամագծորեն հակասում են իրար։ Հետևաբար, դեռ շատ դիվանագիտական աշխատանք կա անելու», - նշել է նա:

Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Պուտինը սեպտեմբերին մեկնելու է Պեկին՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Ու եթե Դոնալդ Թրամփը ևս այդ ժամանակ լինի Պեկինում, ապա չի բացառվում, որ երկու առաջնորդների հանդիպում տեղի ունենա:

Թուրքական և ռուսական մամուլը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ ռուս - ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ հուլիսի 23-24-ը Ստամբուլում:

Այս ֆոնին Կիևում այսօր մեկնարկել է համաժողով, որի նպատակն է խթանել Ուկրաինայի և նրա միջազգային գործընկերների միջև համագործակցությունը, Ուկրաինայի շահերն առաջ մղել համաշխարհային ասպարեզում: Համաժողովին մասնակցում է նախագահ Վլադիմիր Զելենսկին, նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան հարյուր դեսպաններ և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG