Ռուսաստանը Հայաստանի դիտարկում է որպես դաշնակից, եղբայրական երկիր, այսօր «Հաղթանակ» զբոսայգում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ Հայաստանի հետ սերտորեն համագործակցում են և պատրաստ են հետագայում էլ զարգացնել ու խորացնել այդ հարաբերություններն, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում։
Հարցին, թե վերջին տարներին այդ հարաբերությունները չեն վատթարացե՞լ, դեսպանը պատասխանեց․ - «Պետք է իրատես լինել, նայել իրական աշխարհին։ Մեր հարաբերությունները պետք է ադապտացվեն նոր իրողություններին։ Կարևորը, որ երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն՝ պահպանելու եղածն ու առկա ամուր հիմքը և շարժվելու առաջ՝ իհարկե հարգելով միմյանց ինքնիշխանությունը, հետաքրքրությունները»։
Օրերս Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվային մեղադրել էր Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ: Մեկ օր անց էլ ՔՊ-ական Արսեն Թորոսյանն էր հայտարարել՝ Մոսկվայից փորձում են համակարգված ազդել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:
Մոսկվայից մեղադրանքներին կարճ արձագանքեցին։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան «ցավալի հռետորաբանություն» որակեց Սիմոնյանի հայտարարությունը՝ նշելով, որ «դա չի համապատասխանում խորհրդարանի խոսնակի կերպարին, այդ հարձակումները, վիրավորանքները»:
Հայ-ռուսական հարաբերություններում 2022 թվականին սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո նկատվող լարվածությունը հասավ հրապարակային մեղադրանքների Արցախի անկումից հետո, երբ ռուս խաղաղապահների ներկայությամբ հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը: Երևանը Մոսկվային մեղադրեց անգործության համար: Իսկ Մոսկվայից հակադարձեցին՝ տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշման հետևանք է: Հայ-ռուսական հարաբերություններում առանց այդ էլ առկա լարվածությունն առավել սրվեց, երբ խորհրդարանի իշխող մեծամասնությունն ընդունեց անդամակցության գործընթաց չենթադրող Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը, որն, ըստ էության, կապ չունի անդամակցության բուն գործընթացի հետ:
Չնայած Երևանից Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել է Մոկսվա՝ ներկա գտնվելու հաղթանակի օրվա միջոցառումներին։