Ռուսաստանի արդարադատության նախարարությունն իր, այսպես կոչված, անցանկալի կազմակերպությունների ցանկում ավելացրել է ևս հինգ կազմակերպություն։ Դրանց թվում են՝
- ամերիկյան «Հիշատակի հանրությունը» (Remembrance Society),
- «Կոմունիզմի զոհերի հիշատակի հիմնադրամ»-ը (Victims of Communism Memorial Foundation),
- «Իտալիայում ազատ ռուսների ասոցիացիան» (Associazione dei Russi Liberi in Italia),
- Բրեմենի համալսարանի Արևելյան Եվրոպայի անկախ գրականության և սոցիալական շարժումների գերմանական հետազոտական կենտրոնը (Forschungsstelle für unabhängige Literatur und gesellschaftliche Bewegungen Osteuropas an der Universität Bremen),
- վրացական «Բաթումիի ռուսներ» ՀԿ-ն
«Հիշողության հանրություն»-ը զբաղվում է տոտալիտարիզմի, մասնավորապես՝ ստալինյան բռնաճնշումների ուսումնասիրությամբ: Այն «Մեմորիալ»-ի գործընկերն է, որը, ինչպես իր բազմաթիվ դուստր կազմակերպությունները, 2010-ական թվականներից ի վեր հետապնդվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից:
«Կոմունիզմի զոհերի հիշատակի հիմնադրամ»-ը հիմնադրել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը 2013-ին և զբաղվում է կոմունիստական ռեժիմների զոհերի հիշատակի հավերժացմամբ և այս ոլորտում լուսավորչական գործունեությամբ։
«Իտալիայում ազատ ռուսների ասոցիացիան» գոյություն ունի 2021-ից: Այն կազմակերպում է խաղաղ ցույցեր, հանդես է գալիս հանուն Ուկրաինայի հաղթանակի Ռուսաստանի հետ պատերազմում և դեմ է Ռուսաստանում քաղաքական բռնաճնշումներին:
«Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերությունը նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները նախկինում այս ասոցիացիան հայտարարել էին անցանկալի, բայց այլ անվամբ՝ Comunità dei Russi Liberi in Italia:
Բրեմենի համալսարանի Արևելյան Եվրոպայի անկախ գրականության և սոցիալական շարժումների գերմանական հետազոտական կենտրոնը հիմնադրվել է 1982-ին, հետազոտություններ է անցկացնում նախկին Արևելյան բլոկի երկրների մշակույթի և հետխորհրդային տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Բաթումի ռուսները» Ռուսաստանի քաղաքացիների հիմնած հակապատերազմական միավորում է, որոնք 2022-ի փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից լայնածավալ ներխուժումից հետո տեղափոխվել են Վրաստան: Այն դեմ է Ռուսաստանի կառավարության քաղաքականությանը և Ուկրաինայում պատերազմին և օգնություն է ցուցաբերում Ռուսաստանից տեղափոխվածներին:
Արդարադատության նախարարության անցանկալի կազմակերպությունների ցանկում ավելացվել է նաև «Մարդու իրավունքների հիմնադրամը»։ Սակայն դրա անցանկալի կարգավիճակի մասին հայտարարվել էր ավելի վաղ․ Գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել օգոստոսի 6-ին, իսկ Արդարադատության նախարարությունը թարմացրել է իր ռեեստրը՝ հիմնվելով դատախազության առաջարկության վրա։
Հիմնադրամը հիմնվել է 2005-ին ԱՄՆ-ում։ 2012-ից դրա նախագահը ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովն է, իսկ 2024-ից՝ Յուլիա Նավալնայան՝ 2024-ին բանտում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կինը։
Եթե կազմակերպությունն անցանկալի է ճանաչվում Ռուսաստանում, դա նշանակում է, որ դրա գործունեությունն արգելվում է երկրում, իսկ դրա հետ համագործակցողները քրեական հետապնդման կարող են ենթարկվել։