Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ուկրաինան 175-ական գերիների են փոխանակել

Հայրենադարձված ուկրաինացի ռազմագերիները, 11-ը ապրիլի, 2026թ.
Հայրենադարձված ուկրաինացի ռազմագերիները, 11-ը ապրիլի, 2026թ.

Հուլյան օրացույցով այս տարի ապրիլի 12-ին նշվող Սուրբ Հարության տոնի նախօրեին Ռուսաստանը և Ուկրաինան «175-ը 175-ի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակություն են իրականացրել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ որպես միջնորդ հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները: Ըստ գերատեսչության՝ ռազմագերիներից բացի հայրենադարձվել են նաև Կուրսկի մարզի 7 բնակիչներ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ փոխանակման արդյունքում հայրենիք են վերադարձել 175 ուկրաինացի ռազմագերիներ, նրանց թվում կան վիրավորներ: Զինվորականների մեծ մասը գերության մեջ էին 2022 թվականից: Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինային նույնպես 7 քաղաքացիական անձ է փոխանցվել:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի հետ «Զատկի զինադադարի» մասին՝ այսօր ժամը 16-ից մինչև վաղը օրվա ավարտը: Զատկի տոնին զինադադար հաստատելու նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ուկրաինան:

Այսօր առավոտյան Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը կպահպանի հրադադարի ռեժիմը և «կգործի բացառապես հայելային». - «Երկնքում, երկրի վրա և ծովում ռուսական հարվածների բացակայությունը կնշանակի մեր պատասխանների բացակայություն»: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Զատկի զինադադարը կարող է դառնալ «դեպի խաղաղություն իրական շարժման սկիզբը»:

Երկու օր առաջ Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների դիերի փոխանակություն են իրականացրել:

Անցած տարի ևս Զատկի տոնի նախօրեին Ռուսաստանը և Ուկրաինան գերիների էին փոխանակել՝ «246-ը 246-ի դիմաց» բանաձևով:

XS
SM
MD
LG