Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը մարտի առաջին կեսին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի մերձակայքում, հայտնում է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսական ՌԻԱ Նովոստի-ն էլ հավելում է, որ զորավարժությունները կանցկացվեն իրանական Չաբահար նավահանգստի ջրերում։
Սրանք ամենամյա զորավարժությունների մաս են կազմում: Նմանատիպ վարժանքներ են անցկացվել անցյալ տարվա մարտին Օմանի ծոցում։
Բոլոր երեք երկրները ընդլայնում են համագործակցությունը. վերջին տարիներին Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը ավելի ու ավելի հաճախ են համատեղ զորավարժություններ անցկացնում, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսում և ավելի հեռավոր վայրերում, օրինակ՝ Հարավային Աֆրիկայի ափերի մոտ:
Հունվարին Ռուսաստանն ու Իրանը նաև համաձայնագիր են ստորագրել առևտրի ու պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին:
Այս տարի ռազմածովային զորավարժությունները կներառեն ծովային թիրախների վրա հարձակումների իմիտացիա, համատեղ որոնողափրկարարական վարժանքներ, տեղում ստուգումներ և ձերբակալություններ:
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ ներկայումս Չինաստանն ունի աշխարհի ամենամեծ ծովային մարտական ուժերը՝ 234 ռազմանավ, ԱՄՆ ռազմածովային ուժերը՝ 219։ Միացյալ Նահանգները պահպանում է տեխնոլոգիական առավելությունը իր նավատորմում, բայց Պեկինը մեծ ներդրումներ է կատարում այդ ուղղությամբ:
Կրեմլը մշտապես շեշտում է, թե այսօր Մոսկվայի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Պեկինն է։ Պատերազմից հետո ռուսական տնտեսությունը մեծապես կախված է Չինաստանից։
Փետրվարի 24-ին Չինաստանի ու Ռուսաստանի նախագահները «երկարատև հեռախոսազրուց» էին ունեցել, քննարկել «համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման հարցեր»։