Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի գործարար «վիճակախաղի արքա» Արմեն Սարգսյանը Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում


Ռուսաստանցի գործարար S8 Capital ընկերության հիմնադիր և սեփականատեր Արմեն Սարգսյանն ընդգրկվել է Բրիտանիայի պատժամիջոցների այսօր հրապարակված ցանկում։

Խարկովում ծնված Արմեն Սարգսյանի ընտանիքը 1990-ականներին տեղափոխվել է Մոսկվա։ Ռուսաստանում նա իր բիզնեսը սկսել է «զրոյական տարիներից»՝ հիմնադրելով վիճակախաղային Столото ընկերությունը։ 2014-ին, երբ մասնավոր վիճակախաղը Ռուսաստանում արգելվեց, նա դարձավ պետական վիճակախաղի կապալառու, այսինքն պետական վիճակախաղի տոմսերի վաճառող։

Արմեն Սարգսյանի հիմնադրած S8 Capital ընկերությունը հիմա զբաղվում է արդյունաբերական և IT ոլորտների բիզնեսներով, վերջին երկու տարիների ընթացքում ձեռք է բերել Ռուսաստանից հեռացող արտասահմանյան ընկերությունների ակտիվները և հիմա նրա հոլդինգում մոտավորապես 20 հազար աշխատող կա։

Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելուց հետո, երբ արտասահմանյան ընկերությունները սկսեցին հեռանալ Ռուսաստանից, նա ձեռք է բերել նրանց բիզնեսները։

Մասնավորապես Ռուսաստանում վերելակների արտադրությամբ զբաղվող Otis Worldwide Corporation ամերիկյան ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը 2022-ից հետո Արմեն Սարգսյանինն է։ Նա Սակտ Պետերբուրգում վերելակներ է արտադրում, իսկ Շչերբինկայում՝ վերհան մեքենաներ ու ամբարձիչների սպասարկման ցանց ունի։

2023-ին նա ձեռք է բերել անվադողեր արտադրող գերմանական Continental ընկերության ռուսական մասնաճյուղը, որը նույնպես հեռացավ Ռուսաստանից։ Կալուգայում գտնվող այս ընկերությունը տարեկան կարող է 4 միլիոն անվադող արտադրել։ Դրանից անմիջապես հետո հայտնի դարձավ նոր գործարքի մասին՝ Արմեն Սարգսյանին է անցել մարդատար և բեռնատար մեքենաների անվադողեր արտադրող ռուսական Кордиант ընկերությունը՝ երեք ձեռնարկություն Օմսկում և Յարոսլավում, վերանորոգման և գիտա-տեխնիկական կենտրոններ։ Այդ գործարանների հզորությունը տարեկան կազմում է 9,7 միլիոն անվադող։

Էնգելս քաղաքում նա ձեռք բերել Bosch ընկերության 2 ձեռնարկություն, որոնք մասնագիտացված են կենցաղային ջրատաքացուցիչների և ավտոմոբիլային ու կենցաղային էլեկրոնիկայի արտադրության մեջ։

Նրա բիզնեսի հետ են կապվում նաև ռուսական Sport24, YouTube, Telegram մի քանի ալիքների ակտիվներ։ Նրա հոլդինգի մեջ է մտնում կապի Next Mobile օպերատորը։

Բայց Столото-ն դեռ կա։ Այն վիճակախաղի տոմսեր է վաճառում Ռուսաստանի տարածքի ավելի քան 32 հազար կետերում, ներառյալ կապի բաժանմունքներում, սուպերմարկետներում, բենզալցակայաններում։

Այս տարվա հունվարին The Bell-ը գրել է, որ Ռուսաստանի «վիճակախաղի արքա» կոչված Արմեն Սարգսյանը 2022-ի սկզբից դարձել է արտաքին ակտիվների ամենախոշոր գնորդներից մեկը, նշելով, որ նրա վերելքն անհնարին կլիներ առանց իշխանության ներսում հովանավորների և աջակիցների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG