Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ԱԹՍ հարձակումների հետևանքով փակվել են մի շարք օդանավակայաններ


Անցած գիշեր Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երեք գործարանի վրա, որոշ օդանավակայաններ կասեցրել են ինքնաթիռների վայրէջքն ու թռիչքը։

Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում ԱԹՍ-երը հարձակվել են արդյունաբերական գոտու վրա, հայտնել է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։ Astra տելեգրամյան ալիքը պարզաբանել է, որ հարձակման թիրախը «Ստավրոլեն» նավթաքիմիական գործարանն էր, որը պատկանում է «Լուկօյլ»-ին։

Astra և Shot տելեգրամյան ալիքների տվյալներով՝ Ուլյանովսկի մարզում հարված է հասցվել Նովոսպասկոյե գյուղին, որտեղ գտնվում է նավթամբար։ Մարի Էլում, ըստ Astra-ի, հարված է հասցվել Օրշանկա գյուղի գործարանին։

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը, ըստ Դաշնային օդային տրանսպորտի գործակալության (Ռոսավիացիա) տվյալների, փակվել են նաև մի քանի ռուսական օդանավակայաններ՝ Վլադիկավկազում, Վոլգոգրադում, Գելենջիկում, Գրոզնիում, Կազանում, Կրասնոդարում, Ուլյանովսկում, Չեբոկսարիում, Պենզայում, Սարատովում, Սամարայում և Կալուգայում: Մոսկվայի Շերեմետևո և Ժուկովսկի օդանավակայանները նույնպես ժամանակավորապես փակվել են։

Ղրիմում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել Սիմֆերոպոլում, ըստ Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովի. «Հարված է հասցվել դյուրավառ և քսանյութեր պարունակող տարայի։ Հրդեհ է առաջացել։ Զոհեր չկան»։

Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ անցած գիշեր ընդհանուր առմամբ խոցվել է 100 ԱԹՍ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG