Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Դնեպր քաղաքին, վնասվել են բնակելի և վարչական շենքեր, այդ թվում՝ շենքը, որտեղ գտնվում են հանրային հեռարձակողի` «Սուսպիլնե»-ի մասնաճյուղն ու «Դնեպր» ռադիոկայանը: Հարվածներից հրդեհ է բռնկվել, շենքում այդ պահին մարդ չի եղել:
Հարձակման է ենթարկվել նաև քաղաքի երկաթուղային ենթակառուցվածքը։
Ռուսական հարվածներից ենթակառուցվածքներ են վնասվել նաև Դնեպրոպետրովսկում։ Հրթիռակոծվել է նաև Խարկովի Բերեստին քաղաքը, որտեղ սպանվել է 17-ամյա աղջիկ, վիրավորվել ինը մարդ: Եվս երկու կին է սպանվել Չեռնիգովում:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, անօդաչուներով հարվածել է Բելգորոդի մարզի Կորոչա քաղաքին: Հարվածից հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում, վնասվել են բնակարաններ։ Դոնեցկի օկուպացված հատվածում ուկրաինական հարվածներից վնասվել է երկու խոշոր ջերմաէլեկտրակայան:
Եվ մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց, ԱՄՆ ֆինանսների նախարարության վերլուծությունը պարզել է, որ ռուսական նավթային խոշոր ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն արդեն տալիս են ցանկալի արդյունքը: Ըստ գերատեսչության՝ նավթի գինը նվազել է, արդյունքում պակասել են նաև Ռուսաստանի եկամուտները, ինչը սահմանափակում է Ուկրաինայի դեմ ագրեսիան ֆինանսավորելու Մոսկվայի կարողությունները:
Նշվում է, որ Ռուսաստանն իր նավթի երկու խոշոր գնորդներին՝ Չինաստանին և Հնդկաստանին նավթի մի քանի տեսակ վաճառում է զգալիորեն ցածր գնով: Այդուհանդերձ, չինական և հնդկական մոտ մեկ տասնյակ խոշոր ընկերություններ հայտարարել են, որ պատժամիջոցների պատճառով մտադիր են դեկտեմբերին դադարեցնել ռուսական նավթի գնումը:
Ռուսաստանը խնդիրներ ունի նաև իր էներգետիկ ոլորտում: Ըստ «Նովայա գազետա Եվրոպա»-ի վերլուծության՝ միայն այս տարի տեղի է ունեցել ավելի քան 4 հազար վթար՝ երեք անգամ ավելի, քան նախորդ տարի: Ընդ որում՝ անջատումների գլխավոր պատճառը ոչ թե ուկրաինական անօդաչուների հարվածներն են, այլ համակարգի մաշվածությունը: Անօդաչուներին բաժին է հասնում 10 վթարից մեկը միայն: Թերթի լրագրող Ալեսյա Սոկոլովան «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ անջատումները ռեկորդային են եղել սեպտեմբեր-հոկտեմբերին:
«Ամենայն հավանականությամբ՝ տարվա վերջին նման հարձակումներն ավելի կշատանան, քանզի դրանք ավելանում են ջեռուցման սեզոնին, ինչպես Ռուսաստանն է անում Ուկրաինայի վրա հարձակվելով», - նշում է Սոկոլովան:
Ուկրաինայի պետական «Ուկրէներգո» ընկերությունը հայտարարել է, որ ռուսական հարվածների հասցրած վնասի պատճառով հովհարային անջատումները կշարունակվեն առնվազն մինչև տարվա վերջ: Որոշ փորձագետներ էլ կանխատեսում են, որ ամբողջ Ուկրաինան կարող է ինչ-որ պահի զրկվել էլեկտրաէներգիայից:
Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Իվան Պլաչկովն «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ նման սցենարը հնարավոր է՝ հաշվի առնելով, որ էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացված է, մյուսը՝ մշտական հարձակման տակ, ատոմակայաններն ամբողջ հզորությամբ չեն աշխատում, իսկ հարվածները չեն դադարում:
«Ագրեսորի նպատակն է հասնել ամբողջական հոսանքազրկման: Տեսականորեն նման հնարավորություն կա, եթե շարունակվեն զանգվածային հարձակումները, իսկ մեր հակաօդային պաշտպանությունը չկարողանա պաշտպանել ջերմաէլեկտրակայաններն ու էլեկտրակայանները», - նշել է նախկին նախարարը: