Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել


Հայրենադարձված ուկրաինացի արդեն նախկին ռազմագերիները, 23-ը մայիսի, 2025թ.
Հայրենադարձված ուկրաինացի արդեն նախկին ռազմագերիները, 23-ը մայիսի, 2025թ.

Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիներ են փոխանակել: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Ուկրաինային է վերադարձվել 270 զինծառայող և 120 քաղաքացիական անձ: Նույնքան ռազմագերի և քաղաքացիական անձ էլ վերադարձվել է Ռուսաստան:

Սա «1000-ը 1000-ի դիմաց» սկզբունքով փոխանակման գործընթացի առաջին փուլն է, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին մայիսի 16-ին Ստամբուլում կայացած հանդիպմանը: Պատերազմի սկսվելուց ի վեր այն կդառնա ամենախոշոր փոխանակումը:

«Ռուսական կողմի նախաձեռնած լայնածավալ փոխանակումը նախատեսվում է շարունակել առաջիկա օրերին», - ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսում, որտեղ հոգեբանական և բժշկական օգնություն են ստանում։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել։ Նա շնորհավորել էր կողմերին և չէր բացառել, որ «սա ավելի մեծ բանի սկիզբ կլինի»։

Ստամբուլյան բանակցություններից անմիջապես հետո Ռուսաստանը և Ուկրաինան սկսեցին կազմել փոխանակման ենթակա գերիների ցուցակները։ Վերջնական ցուցակները կողմերը միմյանց են փոխանցել մայիսի 22-ին:
Նախորդ անգամ կողմերը գերիներ էին փոխանակել մայիսի 6-ին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG