Մատչելիության հղումներ

Օվերչուկ. Ռուսաստանն աջակցում է Հայաստանին՝ «Թրամփի երթուղու» ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում


Ռուսաստանն աջակցում է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հավելելով՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, և «եթե նրանք կարծում են, որ ստորագրված հռչակագիրը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, ապա դա լավ է, քանի որ մենք նույնպես աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին։ Սա ամբողջությամբ մեր շահերից է բխում»։

Միաժամանակ, Ռուսաստանի փոխվարչապետը հավելել է՝ կան որոշ հարցեր, որոնք Մոսկվան պետք է ճշգրտի կողմերի հետ:

«Որոշ նրբություններ վերաբերում են Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերին, նախ և առաջ՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից», - ասել է նա, հավելելով, - «եթե գտնվել են այդ հարցերի լուծումները, ապա անհրաժեշտ է, որ մենք դրանք տեղափոխենք տեխնիկա-տնտեսական հիմնավորումների, հաշվարկների հարթություն, դիտարկենք այդ նախագծերի տնտեսական բաղադրիչը և զբաղվենք ապաշրջափակմամբ։ Բայց դրա համար պետք են եռակողմ ջանքեր այն փոխգործակցության շրջանակներում, որ մենք ունեինք և ունենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ»։

Մոսկվայի ներկայացուցիչը միաժամանակ զգուշացրել է, թե «տարածաշրջանից դուրս ցանկացած խաղացողի մասնակցություն կխախտի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, ինչը կունենա բացասական հետևանքներ»։

Հարցին՝ արդյոք այս հարցը քննարկվե՞լ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Օվերչուկն արձագանքել է ՝ «մենք այդ մասին խոսել ենք բոլորի հետ», այդ թվում՝ Իրանի հետ։

Տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ նաև այս հարցերը քննարկելու համար ինքը կժամանի Երևան, Օվերչուկն ասել է՝ այս այցը նախապես էր ծրագրված, քանի որ «Հայաստանի կառավարության իրավական ակտերում հայտնվել է մի որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության իրավունքին»։

«Մենք ՀՀ փոխվարչապետի հետ պայմանավորվել էինք հանդիպել փորձագետների հետ և մանրամասն քննարկել մեր բոլոր մտահոգությունները», - ասել է Օվերչուկը, հավելելով, որ հաջորդ շաբաթ սպասվում է նա ադրբեջանական կողմի այցը Ռուսաստան։

«Եթե մենք խոսում ենք երկաթգծերի վերականգնման ու տրանսպորտային կապերի բարելավման մասին, ապա այս դեպքում ավելի լավ է՝ զրույցը վարել երեքով», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Հայաստանի վարչապետը, մինչդեռ, շաբաթներ առաջ հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի մասնակցությամբ ստեղծված եռակողմ այդ աշխատանքային խումբը այժմ չի գործում։

Վարչապետի խոսքով՝ խմբի գործունեությունը դադարեցվել է տեքստային տարաձայնությունների ու մեկնաբանությունների պատճառով։ «Բացի այդ, դա տեղի է ունեցել նաև գործնական խնդիրների, ինչպես նաև, ասենք ուղղակի, վստահության բացակայության պատճառով», - ընդգծել է Փաշինյանը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG